Foto

Գոռ Մինասյանը ԱԱ-ի արծաթե, իսկ Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե մեդալակիրներ են

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե, Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները: Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Մինասյանը պոկում վարժության բոլոր երեք մոտեցումներին հաջորդաբար գլխավերևում պահեց 200 կգ, 207 կգ և 212 կգ` դառնալով փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը իրեն ենթարկեց 248 կգ կշռող ծանրաձողը և այս ձևում ևս նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 460 կգ արդյունքով Գոռ Մինասյանն աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է:

Հայաստանից Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 192 կգ: Հրում ձևում Ալեքսանյանը հաջորդաբար բարձրացրեց 241 կգ և 245 կգ` դառնալով փոքր բրոնզե մեդալակիր: Երկամարտում էլ գրավելով երրորդ տեղը:

Այս ձևում չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Լաշա Տալախաձեն` երկամարտի 484 կգ արդյունքով:

Մինչ այս Հայաստանն աշխարհի այս առաջնությունում նվաճել է երկու ոսկե մեդալ: Աշխարհի չեմպիոններ են դարձել Հակոբ Մկրտչյանը և Սիմոն Մարտիրոսյանը: