Foto

«Դուխի» գնացքը պայթում է հերթական ականի վրա

Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործը իշխանությունների համար յուրատեսակ լակմուսի թուղթ է դարձել: Ինչպե՞ս կարձագանքի իշխանությունը: Կասեք՝ սա շարքային «ուչաստկովիի» գործ է, բայց երբ նոր Հայաստանի բոլոր հարցերը լուծվում են մի կաբինետում, նման միջադեպերը դուրս են սովորական ընթացակարգերից:

Արա Մխիթարյանի գործում շրջանառվում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, թեև նախաքննությունը համառորեն հավատում է մարզպետի ներկայացրած ալիբիին: Ինքը՝ մարզպետը արդեն հայտարարել է հրաժարականի մասին և կոչ է արել հանգամանորեն քննել գործի հանգամանքները, բայց վայոցձորցիները և տուժողների բարեկամները չեն հավատում տեղի քննչական մարմինների անաչառությանը և երեկվանից պահանջում են գործի նկատմամբ բարձրագույն հսկողություն:

Սակայն մի կողմ թողնելով մարզպետի համգամանքը, վստահաբար կարող ենք ասել, որ նոր իշխանությունների ներկայացուցիչների մոտ այս ժամանակահատվածում ամրապնդվել է բաձարձակության, անսխալականության, անպատժելիության զգացումը: Ամեն օր մամուլում հայտնվում են նոր չինովնիկների կամայականությունների մասին լուրեր, ամենատարբեր մակարդակներում կայացվում են չհիմնավորված և սուբյեկտիվ որոշումներ, արդեն սկսել են հայտնվել կոռուպցիոն գործարքներում: Սա մի անգամ ևս համոզում է հանրությանը, որ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը օրակարգային է իշխանությունների համար: Նրանք կարող են մի վայրկյանում փոխել դիրքորոշումներ, ճնշումներ բանեցնել իշխանության տարբեր ճյուղերի, մասնավորապես դատական իշխանության նկատմամբ, առանց աչք թարթելու ոտնահարել Սահմանադրական դատարանի որոշումները, միահամուռ քվեարկությամբ մերժել ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները և այլն:

Սա խոսում է շատ ավելի լուրջ իրողության մասին, Հայաստանում խեղաթյուրվել է կառավարման բուն իմաստը, այն դրվել է «դուխի» ռելսերին և ամեն անգամ պայթում է հերթական ականի վրա: Վերջին ականը Եղեգնաձորի «սամասուդն» էր:

foto
Author: Eduard Saribekyan