Foto

Ադրբեջանը հաստատում է իր զինծառայողի զոհվելու փաստը, դիվերսիայի փորձը՝ հերքում

Բաքուն հաստատել է ադրբեջանցի զինծառայողի զոհվելու փաստը, սակայն հերքել է արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիվերսիայի փորձի մասին տեղեկությունը: Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակամարտ զորքերի դիրքերի մեջտեղում: «Աբդուլռահմանովի մարմինն անվտանգ տարհանելու համար խնդրանքով դիմել ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակ»,- նշել են ՊՆ-ում:

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից»,- ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում: