Foto

Արա Աբրահամյանի հրավերով Հայաստանում է Դեյվիդ Նազարյանը

Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով Հայաստան է ժամանել Կալիֆորնիայի պետական համալսարանի Դեյվիդ Նազարյանի անվան բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի տնօրեն, բարերար Դեյվիդ Նազարյանը։ Նա Գչտությունների ազգային ակադեմիայում հանդիպել է Ակադեմիայի նախագահության անդամների և կրթական հաստատությունների ղեկավարների հետ:

«Դեյվիդ Նազարյանն իմ շատ լավ ընկերն է և բարեկամը։ Նրա ընտանիքն ԱՄՆ-ում շատ հարգված և ճանաչված է։ Բացի լավ բիզնեսմեն լինելուց նա նաև մեծ բարերար է և զբաղվում է գիտությամբ։ Նա Իրանի հրեա է, սակայն հայկական ազգանունով, ով շատ մեծ հարգանքով է հայերին վերաբերում։ Կարևորում եմ այն հանգամանքը, որ իրենց ուսանողները գան Հայաստան, իսկ մեր ուսանողները գնան ԱՄՆ սովորելու։ Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք անել՝ ի շահ մեր երկրի»,- ասաց Արա Աբրահամյանը։

Ըստ ՌՀՄ նախագահի, եթե յուրաքանչյուր հայ մի լավ գործ անի, մի բարի խոսք ասի՝ մեր երկիրն առաջ կգնա։ «Հոկտեմբերի մեկին Եվրասիական գործընկերության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հաաստան են այցելելու իմ ընկերները, մոտ 150 հոգի, մարդիկ, որոնց ամբողջ աշխարհը ճանաչում է: Դա լավ առիթ է նրանց մեր երկրի հետ ծանոթացնելու համար։ Մենք պետք է սիրենք մեր երկիրը, իսկ մեր շահը պետքէ լինի մեր երկրի համար մի լավ գործ անելը»։

Ինչ վերաբերում է օրվա քննարմանը, ապա ըստ Ա․Աբրահամյանի նա անշուշտ տեսնում է համագործակցության եզրեր, իսկ կրթության ասպարեզում քննարկումները պետք է միշտ լինեն, քանզի կրթությունը զարգացող երկրի հիմնասյուներից մեկն է։

«Ես ծնվել եմ Պարսկաստանում 1979 թվականին և ընտանիքիս հետ տեղափոխվել ԱՄՆ՝ Լոս Անջելես։ Սկզբում հիմնեցինք մի փոքր բիզնես, որը աճեց։ Հետագայում սկսեցինք համագործակցել արդեն տարբեր ոլորտների հետ, բայց իմ ամենամեծ սերը՝ ուսումը և կրթությունն է»։
Նա նշեց, որ քննարկում է եղել կրթության և բիզնես համագործակցության ոլորտներում, սակայն  իրատեսական է համարում համալսարանների միջև համագործակցությունը: Դա ավելի շուտ տեղի կունենա և երբ կապեր հաստատվեն տարբեր ուսումնական հաստատությունների միջև, զուգահեռ արդեն տեղի կունենա բիզնես համագործակցությունը ևս։ 


«Պարոն Նազարյանի ղեկավարած ընկերությունն աշխարհում շատ ճանաչված է, որը զբաղվում է և՛ գիտությամբ, և՛ արտադրությամբ։ Հանդիպումը շատ կարևորում եմ, քանի որ քննարկել ենք համագործակցելու հնարավորությունները կրթության, գիտության ոլորտներում։ Նախաձեռնված են մի քանի քայլեր, որոնք կապահովեն այդ համագործակցության ընթացքը»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Էվոյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ․ Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Արա Աբրահամյանի կատարված աշխատանքների մասին կարող ենք անվերջ թվարկել, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Այս նախաձեռնությունը դրանցից մեկն է։ Վերջին տարիներին պարոն Աբրահամյանը սերտ կապեր է հաստատել ԱՄՆ-ի կրթական հաստատությունների հետ և այսօր մենք առիթ ունեցանք ծանոթանալու ամերիկյան հայտնի կազմակերպություններից մեկի նախագահ Դեյվիդ Նազարյանի հետ, ով կրթության և գիտության ասպարեզը զարգացնելու մեծ հմտություններ ունի։ Մենք պայմանավորվեցին, որ պարոն Նազարյանը կուղարկի իրենց պատվիրակությանը, ովքեր կգան այստեղ կուսումնասիրեն, կծանոթանան մեր մասնագետների հետ և գիտական համագործակցության հիմքեր կդրվեն»։

Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ․ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, ԳԱԱ Միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Էվոյանը և այլ հյուրեր։