Foto

Հակոբ Կարապետյան․ Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սանիթեք» ընկերության Կենտրոն վարչական շրջանը սպասարկող անձնակազմի այսօրվա բողոքի ակցիային և տեղեկացրել.

«Սանիթեքի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով Սանիթեքի՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։
Նրանց ներկայացրեցի կնիքով և ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը։

Այնուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միևնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես Սանիթեք ընկերությունը»։