Foto

Գի Տեսիեն. Արցախի ժողովուրդն ունի իր ձայնը բարձրաձայնելու կամք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն,  Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը և Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող սենատոր Պիեր Ուզալիասը:

Կառավարության փոխանցմամբ, Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին Հայաստանի կառավարությունում և ընդգծել, որ նրանք մեծ ներդրում ունեն հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման և Արցախի հարցի արդարացի լուծման գործում:

Գի Տեսիենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և նշել, որ շուրջ 30 տարի հանդիսանալով Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ՝ մեծ սիրով շարունակում է աշխատել հայ-ֆրանսիական բարեկամության սերտացման ուղղությամբ:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների՝ Արցախ կատարած այցին և խոսել տպավորությունների մասին: Նա նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի իր ձայնը բարձրաձայնելու կամք և խաղաղ պայմաններում ապրելու վճռականություն, և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը նաև երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացվող քայլերի համար ու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու համար, ինչն ընդգծում է երկու երկրների միջև բարեկամության անշրջելի բնույթը: