Foto

Մեկնարկեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 մեղադրյալների գործով դատաքննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 մեղադրյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը, հայտնում է Փաստինֆոն:
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
Նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով , սեփական անձը վեր դասելով, հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և Կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։
Գործով մյուս ամբաստանյալները մեղադրվում են քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ցուցարարների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանական մղումներով գույքային վնաս պատճառնելու մեջ։