Foto

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը

ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» (Advancing the Frontiers of Monetary Policy) թեմայով

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը նշել է, որ համաժողովի թեման ինքնին խոսում է դրամավարկային քաղաքականության կառուցակարգերի ձևավորման գործում կենտրոնական բանկերի անցած և անցնելիք երկար ուղու մասին: «Համաժողովը մի հարթակ է, որտեղ կենտրոնական ու ազգային բանկերի ներկայացուցիչները և ակադեմիական աշխարհը կարող են քննարկել դրամավարկային քաղաքականության արդի հարցերը և դրանց լուծումները: Այդ հարցերը գնալով ավելի բարդանում են: Բարձրանում են նաև կենտրոնական և ազգային բանկերից ակնկալիքները», ասել է նա։

Եռօրյա համաժողովի նպատակն է մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին և ակադեմիական շրջանակներին հնարավորություն ընձեռել քննարկել քաղաքականության մշակման մեջ օգտագործվող մոդելների արդի խնդիրները և զարգացման նոր ուղղությունները։ Համաժողովի հիմնական խոսնակներն են Մորիս Օբստֆելդտը՝ Բերքլիի համալսարանի դասախոս, Դուգլաս Լաքստոնը՝ միջազգային փորձագետ, Թոմաս Հոլուբը՝ Չեխիայի ազգային բանկի խորհրդի անդամ և Ասսաֆ Ռազինը՝ Թել-Ավիվի համալսարանի դասախոս։

Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովին մասնակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Ավստրիայի, Կանադայի, Իտալիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Չիլիի,  Ուկրաինայի, Վրաստանի, Ֆիլիպինների ազգային և կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք միջազգային հեղինակավոր համալսարանների գիտնականներ և դասախոսներ:

Համաժողովի հիմնական թեմաներն են գնաճի նպատակադրման ռազմավարությունը, «ոչ-ստանդարտ» դրամավարկային քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում ֆինանսական ցուցանիշների դերը, ինչպես նաև մակրոքաղաքականության մոդելավորմանն առնչվող այլ արդիական հարցեր:

Համաժողովին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել հետևյալ հղումների օգնությամբ.

  1. ՀՀ ԿԲ ֆեսբուքյան էջում (https://www.facebook.com/cba.arm/posts/1423230271159115?notif_id=1568181541667852&notif_t=page_post_reaction&ref=notif):
  2. ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով (https://www.youtube.com/channel/UCLokAfM87k0QoJrLNxtBSdQ/feed):

Սա երկրորդ նման համաժողովն է Հայաստանում: 2016 թ-ի սեպտեմբերին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Մակրոտնտեսագիտության արդի խնդիրները» թեմայով մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը: