Foto

Կոտայքի մարզում միանգամից երեք համայնք կունենա մանկապարտեզ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում մարզի Գեղաշեն, Արամուս և Մայակովսկի համայնքներում էր:
Ինչպես հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, այս համայնքներից երկուսը (Գեղաշեն և Արամուս) Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կունենան նոր մանկապարտեզներ, իսկ Մայակովսկի համայնքի մանկապարտեզը վերանորոգվում է Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով:
Մարզպետի առաջին կանգառը Գեղաշեն համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվելու է ամբողջովին նոր մանկապարտեզ:
Այստեղ արդեն վաղը մեկնարկելու են հողային աշխատանքները:
Ծրագրի արժեքն է 179.071.700 դր, որից համայնքի ներդրումը` 10%, պայմանագիրը կնքման փուլում է:
 
Մանկապարտեզը նախատեսված է շուրջ 140 երեխայի համար:
 
Հիշեցնենք, որ Գեղաշենում, սուբվենցիոն ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է խմելու ջրի 2 ջրագիծ` 3.890.000 և 12.499.980 դր արժողությամբ:
 
Մարզպետի հաջորդ կանգառը Արամուս համայնքում էր:
 
Այս համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ, որը նախատեսված է 6 խմբերի համար:
 
Արամուսում շուրջ 150 փոքրիկներ կհաճախեն ժամանակակից նախադպրոցական հաստատություն։
 
467մլն դր ընդհանուր ծրագրային արժեքով` ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 200մլն դր արժեքով սուբվենցիոն հայտը։
 
Մանկապարտեզը կառուցվելու է դպրոցամերձ հատվածում, իսկ վաղը շինարարությունն իրականացնող ընկերության ընտրության մրցույթն է հայտարարվելու։
 
Մարզպետի վերջին կանգառը Մայակովսկի համայնքում էր:
 
Այստեղ արդեն Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով վերանորոգվում է համայնքի մանկապարտեզը, որի շենքը երկար տարիներ կիսախարխուլ վիճակում էր:
 
Հիմնանորոգվում է մի ամբողջ մասնաշենք, իսկ ճաշարանային հատվածը համայնքի միջոցներով արդեն նոյեմբեր ամսին պատրաստ կլինի շահագործման:
 
Պայմանագրի արժեքն է 26.790.000 դր, համայնքի ներդրումը՝ 3.550.000դր:
 
Կոտայքի մարզպետի այցերը տարբեր համայնքներ շարունակվում են: