Foto

Քիմ Քարդաշյան-Վեսթը կայցելի Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է WCIT 2019 համաժողովի Հանրային կապերի խումբը։
«Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ», - ասված է WCIT 2019 համաժողովի անունից տարածված հաղորդագրությունում։
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին։
Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ Հայաստան էր այցելել​ նաև 2016 թվականին։ Նրա այցը լայնորեն լուսաբանվել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներով։
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ կառավարության աջակցությամբ։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։