Foto

ՀՀ ԱԳ նախարարը հերքել է Արցախի իշխանությունների հետ հակասությունների առկայության մասին լուրերը

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հերքել է Արցախի իշխանությունների հետ հակասությունների առկայության մասին լուրերը։
Սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ԱԳ նախարարը նշել է, որ տարաձայնություններ ունենալը նորմալ է։ «Դրանք բոլորն ունեն։ Եթե կան շփումներ, կարող են լինել նաև տարաձայնություններ։ Դրանք որպես ճգնաժամ կամ կոնֆլիկտ ներկայացնելը հարաբերություններում դրամա ստեղծելու սահմանն է։ Ես դրաման բացառում եմ»,- նշել է նախարարը։
Որպես հաստատում նա ներկայացրել է արցախցի գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների, Արցախի իշխանությունների հետ ակտիվ երկխոսության փաստը։ «Հանդիպում ենք, որպեսզի քննարկենք և խորհրդակցենք հակամարտության կարգավորման ուղու որոնման համար։ Երկխոսության և նպատակների համադրման համար»,- հիշեցրել է ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երկխոսությանը մասնակցում են ինչպես առաջին դեմքերը, այնպես էլ բոլոր մակարդակներն ու ոլորտները։ «Հասկանում եմ, որ չորրորդ իշխանությանը հետաքրքիր են կոնֆլիկտներն ու տարաձայնությունները։ Բայց չեմ կարծում, թե կա ճգնաժամ կամ դրա մասին խոսելու պատրվակ»,- նշել է նախարարը։
Մեկնաբանելով Ստեփանակերտում Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստանն է և վերջ», ԱԳ նախարարը հիշեցրել է ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ հայտարարությունն անհրաժեշտ է դիտարկել ասվածի և շեշտադրումների համատեքստում։ Վարչապետը խոսում էր հայության առաջնահերթությունների, միասնության և զարգացման, ընդհանուր նպատակների մասին, հիշեցրեց նախարար։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմի համար խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։