Foto

Էրդողանի խոսնակն ու Թրամփի խորհրդականը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, անվտանգության գոտու ստեղծման հարցը, ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրը, երկկողմ առևտրաշրջանառության հարցերը։

Քննարկվել են նաև ավելի վաղ նախագահներ Էրդողանի և Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի օրակարգային թեմաների մանրամասները։

Անդրադրաձ է կատարվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 22-25-ին կայանալիք Էրդողանի ամերիկյան այցին և այդ այցի շրջանակներում կազմակերպվելիք բարձրաստիճան հանդիպումներին։ Քալընը շեշտել է, որ Թուրքիան արդեն ավարտել է թուրք-ամերիկյան համատեղ ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առաջիկա օրերին ԱՄՆ առևտրի նախարար Վիլբուր Ռոսի՝ Թուրքիա կատարելիք այցին և կարևորել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 100 մլրդ դոլարի հասցնելու նպատակի իրագործումը։