Foto

Մարիա Զախարովան՝ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակը մեկնաբանել է օգոստոսին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրում է tert.am-ը։
«Ինձ թվում է, այդ հարցերը պետք է լուծել առկա և դրա համար հաստատված ձևաչափերում, դրանք կան: Ես չեմ կարծում, որ իմ կողմից լրացուցիչ քաղաքական գնահատական է պահանջվում: Մենք ունենք գործող մեխանիզմ, կան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ: Նրանք կարող են անհրաժեշտության դեպքում համապատասխան մեխանիզմներ գործի դնել՝ կողմերին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- Մոսկվայում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ եթե կողմերն այս կամ այն հարցում աջակցության կարիք ունեն, օրինակ՝ Ռուսաստանի, այդ հարցերը նույնպես կարող են լուծվել երկկողմ հիման վրա՝ դիվանագիտական ալիքներով:
19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց Պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն էր որակել։ Նա նշել էր, որ կարծում է՝ զինծառայողը տեղանքում մոլորվել է։