Foto

Էրիկ Գրիգորյանը չի փոխում ձեռագիրը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հաղորդագրություն է տարածել, ըստ որի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտին երեկ խնդրել է «1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ»:

Բնական է, որ մեկ օրում նման ծավալուն փաստաթղթի վերաբերյալ կարծիք տալն ուղղակի անհնար է, որովհետև գրեթե համանման կարծիքի համար ԷԼԱՐԴ-ից ամիսներ պահանջվեցին, իսկ պետությունից՝ 400 հազար դոլար: Բայց հետաքրքիրն այն է, որ ՇՄ նախարարը, ով պետք է այսօր Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք ներկայացնի, չի պատկերացնում այդ ծավալները: Իսկ գուցե պատկերացնում է, բայց սովորության համաձայն գործում է փորձված եղանակով: Այն է՝ մասնագիտական շրջանակներից ստանալ որևիցե մի կարծիք և իր որոշումը հիմանավորել դրանով: Նույնիսկ էական չէ, թե այդ կարծիքն ինչպիսին կլինի, միայն թե տպավորություն ստեղծի հանրության ու վարչապետի մոտ, որ խորհրդակցել է, կարծիքներ է հավաքել, մի խոսքով գործ է արել:

Նույն ձեռագրով ծնվեց հանրապետության տարածքում ընթացիկ որսաշրջանի բացման նոր կանոնակարգը: Այն ժամանակ ոլորտի մասնագետների և հասարակական կազմակերպությունների հետ քննարկումները թեև սկսվեցին մի քանի ամիս առաջ, սակայն կայացվեց կամայական որոշում և պատասխանատվությունը դրվեց հենց այդ քննարկումների մասնակիցների և իբր արդյունքների վրա: Իհարկե, հասարակությունը տեղյակ էր այդ ողջ գործընթացին և չի կիսում նախարար Էրիկ Գրիգորյանի կարծիքը: Բայց պարզվում է, որ դրանից նախարարը ամենևին էլ անհարմարություններ չի զգում և հիմա էլ փորձում է իր «կարծիքի» պատասխանատվությունը կիսել Ակադեմիայի գիտնականների հետ:

Սակայն Ակադեմիայի գիտնականները լավ են հասկացել նախարարի «տրամաբանությունը» և, մեղմ ասած, ուղարկել են համապատասխան ուղղությամբ:

ԳԱԱ տարածած հայտարարության վերջում սևով սպիտակի վրա գրված է. «ՀՀ  ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին  ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի (2/02.1/20160) նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց  գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները: 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում»: 

Բարեբախտաբար այս անգամ մանիպուլյացիան չստացվեց և նախարարը ստիպված է իր կարծիքը հիմնավորել առանց «մարտավկաների»:

 

 

 

foto
Author: Eduard Saribekyan