Foto

Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայացնի 4 գրոսմայստեր

Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանն ուժերը կչափի Գրիգորի Օպարինի հետ, Արման Փաշիկյանը՝ Ֆիրուզա Ալիռեզայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Անտոն Դեմչենկոյի»,- նշված է հայտարարությունում:

Մրցաշարին կմասնակցեն նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից  Գրիգոր Սևակ Մխիթարյանը: Սևյանի մրցակիցն է Թարի Արյանը, իսկ Մխիթարյանի մրցակիցն է լինելու Դմիտրի Անդրեյկինը: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: