Foto

Բաքուն Երևանին կրկին մեղադրել է ԼՂ բանակցային գործընթացին վնաս հասցնելու համար

Բաքուն արձագանքել է Արցախի անկախության 28-ամյակի առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին և արցախցիներին ուղղված շնորհավորանքներին՝ Հայաստանի ղեկավարությանը մեղադրելով «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին լուրջ վնաս հասցնելու մեջ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Հայաստանի վարչապետի և նախագահի շնորհավորանքը պաշտոնական Երևանի ագրեսիվ քաղաքականության» դրսևորում է: Բաքվին դուր չի եկել նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների՝ Արցախ այցելությունը:

Ադրբեջանական ԱԳՆ-ի գնահատմամբ՝ դրանով «Երևանը փորձում է ամրապնդել ստատուս-քվոն, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտմամբ»: «Դա լուրջ վնաս է հասցնում խաղաղ ճանապարհով հակամարտության լուծմանը»,- ասված է հայտարարությունում:

Բաքվում կրկնել են նաև արցախյան հակամարտության սեփական տեսլականը. ԼՂ հակամարտության այլ լուծում չկա, քան «հողերն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը»՝ խոստանալով ապահովել տարածաշրջանի երկու համայնքների խաղաղ գոյակցությունը: