Foto

Էրդողան. «Մոտ ժամանակներս Թուրքիայի ցամաքային ուժերը կմտնեն Եփրատի արևելք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 948-րդ տարելիցին նվիրված  արարողության ժամանակ խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։ Էրդողանը նաև սպառնացել է ներխուժել Սիրիա, եթե անվտանգության գոտու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները վերջնարդյունքում հաջողության չհասնեն։

«Թե դրսում, թե ներսում մենք հետապնդում ենք ահաբեկիչներին։ Մեր առաջնահերությունը Եփրատի արևելքի հարցում դիվանագիտությունն է, բայց եթե արդյունքի չհասնենք, ապա մեր ծրագրերը կյանքի կկոչենք։ Մեր հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքերն արդեն այդ տարածք են մտել։ Մոտ ժամանակներս մեր ցամաքային զինված ստորաբաժանումները կմտնեն այդ տարածք։ Երբ մենք մեր օդային և ցամաքային ուժերով մտնենք տարածք (Եփրատի արևելք), վիճակն ավելի պարզ կտեսնենք»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան անվտանգության գոտու ստեղծման համար մի շարք պահանջներ է առաջ քաշում, այդ թվում և իր կողմից ահաբեկչական համարվող քուրդ զինյալների դուրսբերումը տարածքից։  ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14կմ խորություն, իսկ Թուրքիան՝ 40կմ խորություն: Ստեղծվելիք անվտանգության գոտու հարցերը քննարկելու համար Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնվել են ստեղծել համատեղ համակարգման կենտրոն։