Foto

ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան թմրանյութերի տեղափոխման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ զննության արդյունքում բացահայտվել է նաև 29.08 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրանյութին նմանվող, բաց շագանակագույն զանգված: ՊԵԿ աշխատակիցները թաքստոցից հայտնաբերել են նաև առանց մակնշման 53 հատ դեղահաբ, որոնք, ըստ Իրանի քաղաքացու, «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ են:

Փաստի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ, Իրանի քաղաքացին կալանավորվել է: