Foto

Հայաստան 2050. առջևում 99 տոկոսանոց հանրաքվենե՛րն են, ընկերնե՛ր

Բարեփոխումները ոչ մի երկրում միանգամից չեն լինում, միանգամից հասարակությունները չեն զարգանում, նույնիսկ կառավարողները միանգամից վատից լավը չեն դառնում: Հայաստանն էլ ունիկալ չէ և միանգամից ձեռնարկված փոփոխությունները միշտ էլ բերել են անսպասելի, հիմնականում բացասական հետևանքների: Այսօրվա կառավարությունն ու վարչապետ Փաշինյանը համեստ գտնվեցին ու միանգամիցը փոխարինեցին 30 տարով, այսինքն փոփոխությունները կլինեն ապագայում, եթե... Այ այդ եթեների խնդիրն է, որ չի հաղթահարվում:

Հայտարարված փոփոխությունների համար նախադրյալներ են հարկավոր, դրանք այսօր ստեղծել, իսկ եղածները զարգացնել է հարկավոր, դրա համար ծրագիր ու ռազմավարություն է պետք, մի փոքր ավելին, քան ստեփանակերտյան թեզիսները:

Մի օրինակ հավատի մասին: Վաչապետ Փաշինյանը, արձակուրդից վերադառնալով հայտարարեց, որ այդուհետ ներկրվող ավտոմեքենաների կուտակումները վերացնելու համար հանրապետության բոլոր մաքսակետերը պետք է աշխատեն ամենօրյա ռեժիմով: Սակայն օգոստոսի 4-ին, կիրակի օրը Զվարթնոց օդանավակայանի կարգոյում միայն զննության բաժինն էր աշխատում, մաքսազերծող չկար, առավելևս, որ բանկը չէր աշխատում: Սա փնթիությո՞ւն է, սաբոտա՞ժ, թե՞ ոչ կոմպետենտություն՝ այլ հարց է: Կարևորն այն է, որ հասարակ քաղաքացին լսել, հավատացել է երկրի վարչապետին, դիմել է պետությանը՝ ծառայություն ստանալու համար, և չի ստացել:

Մեկ այլ օրինակ. վարչապետը բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում է դատաիրավական համակարգի փոփոխությունների և հեղափոխության հաղթանակի համար դրանց անխուսափելիության մասին: Ինքը դրան հավատում է, բայց այդ հավատի հիմքում նույն վարչապետի և շարքային քաղաքացիների համար բոլորովին այլ հիմքեր են: Վաչապետը հավատում է, որովհետև եթե այդ բարեփոխումներն իր պատկերացումներով չգնան, կարող է դատարանները շարջափակել, դատավորների նկատմամբ քրեական վարույթներ սկսել, թոշակով կաշառելու օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել (թեև պարտադիր չէ դա անձամբ անել): Հասարակ մարդու  համար դատարանների ու դատական համակարգի նկատմամբ հավատը այլ աղբյուրներ ունի: Մարդիկ տեսնում ու հասկանում են, որ դատավորները ոչ թե լավն ու արդար են դառնում, այլ փոխարինվում են, ճնշվում ու շանտաժի են ենթարկվում մի իշխանության կողմից, որի ղեկավարը վստահ է, որ երկրում չկա մի դատավոր, որ իր ասածը չանի: Մարդիկ գուցե հավատում են կոնկրետ պատմական ժամանակահատվածում կոնկրետ դեպքում կոնկրետ մարդու ազնվությանը, բայց դա թեև անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: 1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա մերձավորագույն թիմի ազնվությանը ոչ ոք չէր կասկածում, բայց հենց այդ թիմը սկսեց վայրի սեփականաշնորհումն ու ծնեց անպատժելիների օլիգարխիան, հենց այդ թիմը 4 տարի անց «անցկացրեց» մի սահմանադրություն, որով 1996 թվականին վերարտադրվեց:

Մարդիկ վաղուց իշխանավորի ազնվությունը միանշանակ չեն ընդունում և փոփոխությունների համար կայուն երաշխիքներ են պահանջում, որի փոխարեն, սակայն, իրենց ներկայացվում են «կոնսենսուսներ», այսինքն համազգային լիակատար ու անվերապահ համաձայնություն: Իսկ ինչպե՞ս ստանալ այդ «լիակատարն ու անվերապահը», ի՞նչ մեխանիզմներով չափել դրանք: Կրկին մղումը ազնիվ է, իսկ հեռանկարը՝ մշուշոտ: Այդ դեպքում կարո՞ղ ենք բացառել, որ մի հրաշքով 2050-ին վարաչպետ աշխատով Փաշինյանը չի հայտարարի, որ 15 միլիոն զբոսաշրջիկ չի գալի Հայաստան, որովհետև հայաստանցիները շարունակում են ծովը գերադասել մամռակալած լճին, մեր ֆոտբոլիստները եվրապական գավաթներ այդպես էլ չեն բերում, որովհետև չկա կոնսենսուս, որ առաջնային ոչ թե ֆուտբոլն է, այլ հոկեյը: Իսկ գուցե առջևում 99 տոկոսանոց հանրաքվենե՞րն են, ընկերնե՛ր:

Եթե ամփոփենք, ապա 2050 թվականի նշաձողը շատ նման է կառավարության այսօրվա ծրագրին՝ բարի ցանկություն և պարտադրված հավատ: