Foto

Ավանակը ու նրա իշուկը զուգընկե՞ր են

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ՖԲ էջում անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալվող քննարկումներին

«Եվս մեկ անգամ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի մասին:
Պարզվում է, մենք գործ ունենք մի կառույցի՝ Արդարադատության նախարարության հետ, որը համառորեն փորձում է սևը սպիտակ ներկայացնել՝ մեկը մյուսի հետևից <<պարզաբանումներ>> տալով:
Լավ, հասկացանք, խոստումներ եք տվել, ձեր պատկերացմամբ մեծ փողեր եք ակնկալում ստանալ, բայց ով ձեզ ասաց, որ մեր հանրությունն այնքան բթացած է, որ չի կարող նրբերանգներ բացահայտել և համարժեք հակահարված տալ:
Եվ այսպես, ԱՆ-ն այսօրվա հրապարակումով հորդորում է <<քննադատական աչքով կարդալ կոնվենցիան>> և բառացիորեն ասում հետևյալը՝ <<Կոնվենցիայի բացատրական զեկույցում (3, 41, 219, 220, 236 և այլ բազմաթիվ կետերում), երբ խոսվում է անձանց շրջանակի մասին, ում վրա պետք է տարածվի կոնվենցիան, հատուկ բացահայտվում է, որ դա չպետք է սահմանափակվի միայն ամուսիններով կամ նախկին ամուսիններով, այն պետք է տարածվի նաև «ներպետական օրենսդրությամբ ճանաչված գուգընկերների» ("partners as recognised by internal law), նախկին զուգընկերների և անգամ համակեցությամբ ապրողների վրա, որոնց հետ չկա արյունակցական կամ ինտիմ կապ (domestic unit)։ Եվ այս ձևակերպման ներքո են ընկնում այնպիսի համակեցության տեսակներ, ինչպիսիք են՝ տատ ու թոռ, հորաքույր-մորաքույր կամ մայր և երեխա և այլն, որոնք մեր Սահմանադրությամբ չեն համարվում «ընտանիք», նկատի ունենալով, որ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է>>։ 
Հարգելի ընթերցողներ, հասկացա՞ք ինչ են ուզում բացատրել հայերեն լեզվին յուրովի տիրապետող արդարադատության նախարարը, նրա տեղակալները և այլոք: Պարզվում է, որ <<զուգընկեր>>, այսինքն՝ պարտնյոր հասկացության տակ պետք է նկատի ունենալ ոչ թե միասեռներին, այլ օրինակ՝ մորը և երեխային, տատիկին և թոռանը կամ հորաքույր-մորաքույրներին, ովքեր մեր հանրությունում ընկալվում են որպես հարազատներ, կորսված ընտանիքի մասնիկ:
Ոնց դիմանանք այս խայտառակությանը, խեղված բարոյականության արտահայտմանը: Պատկերացնում եք՝ ավանակին և նրա իշուկին զուգընկեր կոչենք: Քացի կտան:
Կոնվենցիայի նախաբանում հղում է կատարվում երկու տասնյակից ավելի համապատասխան միջազգային փաստաթղթերի, որոնք իրենց բնույթով և բովադակությամբ արդեն իսկ դատապարտում են կանանց նկատմամբ, ինչպես նաև՝ ընտանեկան բռնության բոլոր ձևերը և ուղղված են դրա կանխարգելմանը: Չգիտես ինչու, ևս մեկ՝ այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիան են պարտադրում վավերացնել: Տրամաբանական հարց՝ եթե ուրիշ, հետին միտք չունեն պարտադրողները և <<պարզաբանողները>>, հանուն ինչի է մեզ պետք այդ, մարդու արժանապատվությունը նսեմացնող, <<երրորդ սեռ>> նախանշող փաստաթուղթը:
Ցանկացած բռնության դեպք, արարք ենթակա է օրենքով նախատեսված պատժամիջոցի կիրառման և վերջ»: