Foto

Կամրջի վրա պարելու նուրբ արվեստը

TACC-ի հաղորդմամբ՝ այս տարվա ձմեռային սեզոնից ռուսական «Պոբեդա» լոուկոստերը դադարեցնում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից իր չվերթները, մի պահ չունչ առեք՝ այդ օդանավակայանում ավիավառելիքի սիստեմատիկաբար թերլիցքավորման պատճառով:

Սա այն Հայաստանում, որը վարչապետի «վիժըն»-ով 30 տարի հետո պլանավորում է տարեկան 15 միլիոն տուրիստ ընդունել, այն Հայաստանում, որի սահմանային անցակետում նույնիսկ մեկ կիլոգրամ ավել ուղեբեռը ստիպում են մաքսազերծել, այն Հայաստանում, որտեղ ինստիտուցիոնալ կոռուպցիան զեռունի պես կոխրճել են «հեղափոխական կրունկով», վերջապես այն Հայաստանում, որտեղ քաղավիացիայի պետը ոչ մի խոսափողի կողքով չի անցնում, առանց հիշեցնելու, որ իրեն համաշխարհային քաղավիացիայում «սաղը ճանաչում են»:

Թեև «Պոբեդա»-ի գործունեության, մատուցվող ծառայությունների որակի մասին երկար կարելի է վիճել, բայց այս հարցում նրան մեղադրել չի կարելի, որովհետև թերլիցքավորման մասին օդանավակայանի տնօրինությանը բազմիցս ահազանգել են: Սա ոչ քաղքական, ոչ տնտեսական խնդիր չէ, այլ ուղղակի թռիչքի անվտանգության ու մարդկային բազմաթիվ կյանքերի հարց: 21-րդ դարում ապրող, թավշյա հեղափոխություն արած երկրում «սավոկի» մեթոդներով ժուլիկություն է արվում տևական ժամանակ և պետության, կառավարության կողմից ոչ մի գործողությո՞ւն:

Իհարկե, այդ ավիափոխադրողի հայաստանյան ներկայացուցիչը շտապել է հայտարարել, որ եղածը թյուրիմացությաուն է, թեև խոստովանել է, որ թերլիցքավորման հետ կապված մանրամասներին տեղյակ չէ և որ դրանք լրիվ ուրիշ ծառայություններ են, բայց TACC-ը «Երալաշի» խմբագրությունը չէ, այնտեղ «կատակներն» ամենայն լրջությամբ են արվում: