Foto

«Միացումի» էվոլյուցիան և արժեզրկումը

Նիկոլ Փաշինյանի վերջին՝ արցախյան ելույթին միացա մի քանի րոպե ուշացումով և երբ հնչեց «Սա Հայաստան է, և՝ վերջ» կոչը, մի պահ շփոթվեցի: Առաջին միտքը, որ ծագեց. «կարո՞ղ է Փաշինյանն ու Սահակյանը հայտարարել են միացման մասին, իսկ ես այդ պատմական պահը բաց թողեցի»: Ավաղ, շարունակությունը կանխագուշակելի և հիասթափեցնող էր՝ Փաշինյանը սատարում է Արցախում նոր նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

«Միացումը» ծագեց 88 թվականին, երբ Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերից հետո Հայաստանը իր թևի տակ պետք է առներ Արցախի հայությանը, փրկեր ադրբեջանցիների ոտնձգություններից: Այդ կարգախոսով մենք հաղթեցինք պատերազմում, ազատագրեցինք մեր պատմական հողերի մի մասը և անմիջապես մոռացանք «միացումի» մասին: Արցախը զարգանում էր իր սաահմանադրությամբ ու օրենքներով, Հայաստանում առաջին նախագահը մարդկանց ահաբեկում էր «մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» թրիլերով: Նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո արդեն վարչապետ Նիկոլ փաշինյանը հայտարարում էր, որ իրավասու չէ Արցախի փոխարեն բանակցություններ վարել: Նկատենք, որ Փաշինյանը դրանով նույնիսկ չէր ակնարկում, որ հավակնում է Արցախի «թագին», թեև գուցե երազում էր: Եվ ահա, ինչպես ամպրոպ խաղաղ եղանակին՝ «Սա Հայաստան է, և՝ վերջ»:

Որ Արցախը Հայաստան է և միացումը դրա միակ պայամանն է, չի քննարկվում, հազարավոր մարդիկ դրա համար իրենց կայնքը զոհեցին և այսօր էլ շփման գծում զոհեր են լինում: Միացումը այն հզոր նպատակն էր, հանուն որի տասնամյակներ շարունակ Հայաստանն ու Արցախը հանդուրժում են մենաշնորհներն ու կամայականությունները, շրջափակումները, գործազրկությունն ու նվաստալի սոցիալական վիճակը: Սակայն այսօր Հայաստանի վարչապետը նույն տեղում, նույն ելույթի ժամանակ Արցախը հայտարարում է Հայաստան, վանկարկում «միացում» և հայտարարում, որ սատարում է Արցախում նոր ընտրությունները:

Կարելի է հավատալ, որ Հայաստանը 2050 թվականին կունենա 5 միլիոն մարդ (այս տեմպերով հնդիկներն ու չինացիներն էլ բավական են), կարելի է հավատալ, որ Հայաստանում տարեկան 15 միլիոն զբոսարշրջիկ կլինի (մինչ այդ, այս տարիների արտագաղթածներն ու իրենց ժառանգներն այդքան կդառնան դրսերում), կարելի է նույնիսկ հավատալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի չեմպիոնությանը, բայց հավատալ «միացումին», երբ շուտով այդ «միացող» սոբյեկտներից մեկում հերթական ընտրություններն են ...

Մեր ժողովրդի համար այդքան նվիրական գաղափարի ավելի բիրտ արժեզրկում դեռ չի եղել: Փորձեր եղել են, երբ զոհերը հայտարարվել են «հանուն ոչնչի», երբ «սև ու սպիտակ» տարբերակում է մտցվել հասարակության մեջ, երբ «պարտիայի գծից» շեղվող գործողություններն ու կարծիքները հայտարարվել են հակահեղափոխական և դավադիր, բայց «միացումին» ձեռք չեն տվել: Հիմա դա էլ է արժեզրկվում, դառնում հանրահավաքային «դըմբ, դըմբ, հու»:

Տնաշեններ, այդ ամպագորգոռ հայտարարությունից առաջ գոնե երկու պետությունների միջև ռոումինգը վերացնեիք: