Foto

Կրկին ասեմ՝ մտցրե՛ք ձեր պաշտոնական գլուխները

Տնտեսական զարգացման ցուցանիշների մրցավազքում ՀՀ կառավարությունը կորցնում է իր «հյուսիսն ու հարավը»: Վարչապետը հպարտանում  է բյուջեի եկամուտների 25.1 տոկոս ավելացմամբ, բայց ի՞նչ գնով: Ուսուցիչների և պետծառայողների աշխատավարձը բարձրացվում է նրանց տասնյակ հազարավոր կոլեգաների կրճատման ֆոնին, հարկային դաժան վարչարարության պատճառով վերջին ռեսուրսները գործի մեջ դրած փոքր բիզնեսը հոգևարքի մեջ է, միայն թե կառավարությունը թվեր ցույց տա, ի՞նչ փույթ, թե տակն ինչ կա:

Հիմա էլ նոր գործիք են մտածել: Այս տարվա որսորդական արտոնագրերը որսորդներին տրամադրվելու են առասպելական՝ 17000 դրամով (անցյալ տարի սեզոնային արտոնագիրը 8000 դրամ էր): Այդ մասին որսորդական հասարակական կազմակերպություններին «ներքին կարգով» տեղեկացրել են պատկան մարմիններից: Մեր կարճատես պետական չինովնիկների տրամաբանությամբ սեզոնային որսի արտոնագրերի ավելի քան կրկնակի թանկացումը կարող է «տնտեսական ճեղքում» ապահովել հեղափոխական կառավարության տնտեսական բարեփոխումների «ֆռոնտում»: Ընթեցողների մի մասը կարող են հակադարձել, որ թանկացումով նպաստում են կենդանական աշխարհի պաշտպանությանն ու պայքարում որսագողության դեմ: Բայց ինչպես կասեր դասականը՝ «Սո՛ւտ է, նա միայն իր փո՛րն է սիրում» և ասեմ, թե ինչու:

Երբ ԱԱԾ տնօրենը կառավարության նիստում խոսեց որսի մինչև 5 տարի ժամկետով արգելման մասին, հիմնական կռվանը գյուղական բնակավայրերում անվերահսկելի որսը կարգավորելն էր: Այսինքն գյուղական բնակավայրերի որսորդները չունեն համապատասխան թույլտվություններ, չեն կատարում թույլատրելի որսի կանոնները, չեն պահպանում ժամկետները և որ ամենակարևորն է, ԱԱԾ տնօրենի մակարդակով խոստովանվեց, որ տեսչական վերահսկողություն գոյություն չունի, այլապես ոչ թե կխոսվեր անվերահսկելի որասգողության, այլ ամեն օր բռնվող ու պատժվող որսագողերի մասին: Հիմա, երբ ամեն հնարավոր միջոցներով փորձ է արվում որսագողության ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ու բեռը դնել օրինապահ որսորդների ուսերին, կառավարությունում շատերը կարծում են, թե դրանով որսագողության հարցը կլուծեն ու վարչապետին խրոխտ կեցվածքով կզեկուցեն, թե «շեֆ, որսագողությունն այլևս... հետն էլ կրկնակի գումար ենք բյուջե բերել»:

Որսի պրոբլեմներին քիչ թե շատ ծանոթ մեկը կարող է դպրոցական կուրսի բազայի վրա այդ պաշտոնյաներին բացատրել, որ արտոնագրերի թանկացումը «նոր սերնդի» ՀԴՄ չի, որ պարտադրես: Մարդիկ ուղղակի չեն գնի գրանք ու, քանի որ բառացիորեն ոչ մի վերահսկողություն գոյություն չունի (էֆեկտիվության մասին ընդհանրապես խոսք չկա), մարդիկ շարունակելու են որս կատարել առանց այդ արտոնագրերի: Ստացվեց, որ մի քանի տգետ պաշտոնյայի անմիտ քայլի պատճառով հանրապետությունում միանգամից մի քանի անգամ մեծացավ որսագողերի թիվը, իսկ պետբյուջեի մուտքերն էլ մի քանի անգամ կրճատվեցին: Բնականաբար վարչապետն այս ցուցանիշով չի կարող «ֆեյսբուքը ցնցել», բայց դե կարևորը պրոցեսն է:

Մի այլ նկատառում: Գյուղաբնակների որսագողությունից բողոքող պաշտոնյաները գիտե՞ն, որ դրա հիմնական պատճառներից մեկն էլ որսի արտոնագրերի անհասանելիությունն է: Մարդիկ ոչ ժամանակ, ոչ էլ հնարավորություն ունեն ժամանակին արտոնագիր ձեռք բերել ու ակամա դառնում են որսագող: Տարիներ շարունակ որսորդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները թմբկահարում են կառավարության դռները, լուծումներ ու օժանդակություն են առաջարկում, բայց դրանք մնում են չինովնիկների գզրոցներում: Տեսչական մարմինն ու նախարարությունը ավելի«համով կտորներ» ունեն՝ անտառներ, հանքեր: Իսկ որսորդական ոլորտը «գրպանի մանր ծախսերի փող է», որ շատ նեղն ընկնեն, մի քանի ստուգայց կանեն, փողերը կառնեն ու «երջանիկ է կյանքը»: Տարիներ շարունակ սա կոռուպցիայի ու կաշառակերության չերևացող, բայց ստաբիլ աղբյուր է, որ հոսել է տարբեր մակարդակների չինովնիկների գրպանը: Հիմա դրա համար նոր, պարարտ հող է ստեղծվում, որովհետև նույնիսկ նրանք, ովքեր պարտաճանաչորեն ձեռք էին բերում որսի արտոնագիր, հիմա լրացնելու են որսագողերի շարքերը: Իսկ հասարակական կազմակերպությունների օժանդակությունը համառորեն մերժվում է, որովհետև այդ հասարակական հսկողությունը կարող է ի սպառ կամ հիմնականում փակել այդ անաշխատ եկամուտի աղբյուրը:

Ինչ վերաբերվում է չարամիտ որսագողությանը, կրկին ասեմ՝ մտցրե՛ք ձեր պաշտոնական գլուխները: Այդ հանցագործության դեմ ոչ մի թանկացումով չեք պայքարի, նրանք թքած ունեն ձեր գների վրա էլ, ձեր օրենքների վրա էլ: Հիշե՛ք, սիգի որսն էլ է արգելված, բայց այն նույնիսկ պահածոյացվում է, կարմիր լույսի տակով անցնելն ու հանդիպակած գոտով երթևեկելն էլ է արգելված, բայց մահացու պատահարները շատանում են: Օրինախախտների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը հայտնաբերելն ու խստագույնս պատժելն է:

Նոր բան մտածեք, ընդունե՛ք որսորդական կազմակերպությունների աջակցության առաջարկները, թե չէ Ֆեյսբուքում ասելու բան չի լինելու:

foto
Author: Eduard Saribekyan