Foto

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող մարմինը կդիմի նահանգապետարան

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը համակարգող Նախաձեռնող մարմինը նախօրեին պատրիարքարանում գումարել է հերթական նիստը` Խոսրով Քյոլեդավիթօղլուի ատենապետությամբ:

«Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, շուրջ չորս ժամ տևած նիստի ընթացքում քննարկվել են պատրիարքական ընտրությունների կազմակերպչական աշխատանքների հետ կապված օրակարգային հարցեր: Որոշում է կայացվել դիմել Ստամբուլի նահանգապետարան` նոր պատրիարքի ընտրության համար պատկան մարմիններից համապատասխան կանոնադրություն ստանալու նպատակով: Նախաձեռնող մարմինը դիմումի մեջ նշելու է նաև ընտրության հավանական ամսաթվի հորիզոնը, որպեսզի մինչև տարեվերջ համայնքը նոր պատրիարք ունենա: Դիմումը ստորագրվելու է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ու Նախաձեռնող մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլունի կողմից և այսօր կամ վաղը ուղարկվելու է նահանգապետարան:

Նիստի ժամանակ քննարկվել է նաև եկեղեցիների ընտրացուցակների թարմացման և հստակեցման հարցը:

Հուլիսի 17-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացած նիստի ժամանակ նոր պատրիարքի ընտրության գործընթացը համակարգելու համար Նախաձեռնող մարմին էր ընտրվել՝ բաղկացած 15 աշխարհական և 2 հոգևորական անդամներից: Մարմնի ձևավորման մասին պաշտոնապես տեղեկացվել է թուրքական պատկան մարմիններին: Անցած երկուշաբթի մարմինը անդրանիկ նիստն էր գումարել՝ ձևավորելով ղեկավար կազմը: