Foto

Դավիթ Անանյանի «պրինցիպը» կամ տնտեսական հեղափոխության «նոր հանգրվանը»

Հանրապետության հազարավոր տնտեսվարողներ սպասում են նոր սերնդի ՀԴՄ սարքերի, որոնք այդպես էլ շուկայում չեն վաճառվում, իսկ Պետեկամուտների կոմիտեն չի տրամադրում, բայց պահանջում է: Կառավարության նիստից հետո ՀՀ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը համապատասխան սարքերի բացակայության հիմնական մեղավոր է համարում «այն մարդկանց շրջանակը», ովքեր այդ սարքերի շուկայի ազատականացման «ջատագովն» էին, բայց քայլեր չեն անում:

Կախարդական շրջան է ձևավորվել: Կառավարությունը որոշեց, որ ՀԴ կտրոններ պետք է տպվեն միայն որոշակի ստանդարտներին համապատասխան սարքերով, որոնք  աստղաբաշխական գներ ունեին և հասու չէին շատ գործարարների: Ստեղծվել էր մենաշնորհային իրավիճակ, երբ շուկայի պահանջարկը բազմակի անգամ գերազանցում էր առաջարկը և բնականաբար գտնվեցին մարդիկ, ովքեր պահանջեցին ազատականացնել ՀԴՄ սարքերի ներկրման շուկան: ՊԵԿ ղեկավարն այսօր հայտարարեեց, որ պետությունն ըստ էության ոչ մի պատասխանատվություն չի կրում իրավիճակի համար, իր տրամադրության տակ գտնվող սրքերը տրամադրում է սահմանամերձ համայնքների գործարարներին, իսկ մյուսները պետք է սպասեն՝ թե ե՞րբ «բիզնեսը կարձագանքի»: Ըստ էության Դավիթ Անանյանը չի թաքցնում, որ նեղացել է ՀԴՄ ներկրման շուկան ազատականացնելու գաղափարից և «ձեռքերը լվացել»: Նա գրեթե բացահայտ հայտարարում է, որ եթե ներկրողը լիներ պետությունը (իմա. ՊԵԿ-ը), ապա նման խնդիր չէր ծագի, իսկ ահա ազատականացման պարագայում պետությունը կարող է իրեն պատասխանատվությունից ազատ զգալ: Հերն էլ անիծած, թե հազարավոր  մարդիկ հնարավորություն չունեն հիմնել իրենց բիզնեսը, պատշաճ (կառավարության կողմից սահմանված կարգով) ծառայություններ մատուցել քաղաքացիներին և հարկեր վճարել պետբյուջե: Ստացվում է, որ տնտեսական հեղափոխությանը միայն «կողային հայելիներով և անվտանգության բարձիկներով» ՀԴ մեքենան է պակասում, որն էլ պետք է բիզնեսմենները ներկրեն, իսկ բիզնեսը դրան անհաղորդ է, որովհետև շատ թանկ արժե և շուկայում պահանջարկ չունի: Ու քանի որ դաշտի ազատականացումը պետությանը զրկել է փաստացի մենաշնորհից, ապա վերջինս լրիվ իրավունք ունի նեղացկոտ կեցվածք ընդունել ու մեղադրել շուկայի մասնակիցներին: Վերջ, հայտարարված տնտեսական հեղափոխությունը վերջացավ:

Բայց վաղը նույն պատկերը կարող է լինել ռազմավարական կարևորության ցանկացած ոլորտում՝ հացահատիկ, էներգակիրներ, կրթություն, առողջապահություն և այլն: Եթե բիզնեսը ցանկություն կամ հնարավորություն չունի մասնակցել այդ շուկաներին, ապա պետությունը պետք է միայն արձանագրողի դերո՞ւմ լինի:

«Չար լեզուները» պնդում են, որ ՀԴՄ ներկրողներ չեն էլ լինելու, որովհետև գնումների համար առաջադրված պահանջներին բավարարելը գրեթե անհնար է: Իսկ վիճակը կշարունակվի այնքան, մինչև «ազատականացման ջատագովները» հոգնեն պայքարից ու կրկին դաշտը թողնեն կառավարությանը:

 

 

foto
Author: Eduard Saribekyan