Foto

Էկոնոմիկայի նախարարը կոնյակագործների և գինեգործների հետ խոսել է արտահանման խնդիրների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին:

Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման միջոցառումների վերաբերյալ: Ոլորտի ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են ներկայացրել այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են ֆակտորինգի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցումը, շուկայում կեղծ արտադրանքի առկայությունը: Առաջարկվել է քննարկել նաև լոգիստիկ հարցերը, հարկային և մաքսային վարչարարության խնդիրները։

Որոշ կետերի առնչությամբ Տիգրան Խաչատրյանը հանձնարարականներ է տվել «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամին։

Նախարար Խաչատրյանը գինեգործների և կոնյակագործների հետ հանդիպման ընթացքում դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առևտրային կարգավորումները և հետաքրքրությունը։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջարկները կամբողջացվեն և գրավոր կփոխանցվեն նախարարությանը։