Foto

Իջևանում աշխատատեղերը դեռ թափուր են

Իջևանում անտառագողերը բողոքում են, որ իրենց այլևսն չեն թողնում գողություն անել, փոխարենն առաջարկում են գնալ ու արժանապատիվ աշխատանքով տուն պահել: Հիմա էլ բողոքում են, որ առաջարկվող աշխատանքը իրենց «պալոժ» չի, 10 հազար դրամով տուն չի պահվի, վարկ չի փակվի, ջիփ չի քշվի…

Ի՞նչ է կատարվում մարդկանց մոտ, ինչո՞ւ այնպես ստացվեց, որ արժանապատիվ աշխատանքով ապրելը դարձավ մերժելի: Գուցե պատճառն այն է, որ տասնամյակներ շարունակ մարդը այս երկրում ընկալվել է որպես ընտրազանգված, նպաստի «մատերիալ», նրան ներվել է կեղծարարությունն ու գողությունը, միայն թե քվեարկի իշխանական թիմի օգտին, որն էլ իր հերթին ավելի շատ կթալանի, ավելի շատ կստրկացնի իր քաղաքացուն: Հիմա էլ շատ բան չի փոխվել, կարգազանց վարորդներին ներվեցին միլիոնավոր դրամների տուդանքները, ամեն փողոց փակող ստացավ իր բաժին պաշտոնը, լողափն ու տաքսու կայանատեղը: Պարզվեց, որ փողոց փակելն ու «քայլ անելը» շատերի համար ոչ թե նոր երկրի, օրենքի ու արդարության գերակայության համար էր, այլ նոր իշխանություններից ինդուլգենցիա ստանալու, որպեսզի շարունակեն անպատիժ գողություն անել: Եվ մարդիկ այդպես մտածելու առիթ ունեն, եթե քրեակատարողական հիմնարկներում «կոյկա» ազատելու համար համաներում են անում, եթե Սևանի սիգը անպատիժ թալանվում ու պահածոյացվում է, եթե կարգազանց վարորդների օրինախախտումները ներվում են, ինչու անտառագողերը պետք է պատժվեն: Ի՞նչ է իրենք «քայլ չե՞ն արել»:

Զուտ լրագրողական հետաքրքրությունից դրդված՝ դիմեցի Տավուշի մարզպետարան. արդյոք մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարած թափուր աշխատատեղերի համար դիմողներ եղե՞լ են:

Եվ այսպես.

Այս պահին մարզում առկա է 276 թափուր աշխատատեղ, որոնցից միայն 168-ը՝ մարզի դպրոցներում: Պարադոքս. անտառագողերի ցուցարար հարազատները բողոքում են, թե իրենց առաջարկվող 10 հազ. դրամանոց աշխատատեղով ուսանող չեն կարողանում պահել: Հարց. ո՞մ են պետք այդ ուսանողները, երբ իրենց մարզի դպրոցներում ուսուցչի թափուր աշխատատեղեր կան: Բոլոր երիտասարդները ձգտում են բարձրագույն կրթության (իրենց իրավունքն է), բայց մարզի թեթև արդյունաբերական հիմնարկներոմ, հյուրատներում, ռեստորաններում ու զբոսաշրջային այլ ենթակառուցվածքներում հարյուրավոր միջին մասնագիտական կարողություններով աշխատուժի կարիք կա, բայց մասնագետ չկա: Մի այլ պարադոքս. լրագրողական տեսախցիկների առաջ կոկորդ պատռող երիտասարդներ եմ տեսնում, որ իբր պատրաստ են աշխատելու ու տեղ չեն գտնում: Պարզվում է, որ մարզի ճանապարհաշինական և այլ շինարարական օբյեկտներում նույնիսկ այլ մարզերի բանակիչներ են աշխատում: Այն դեպքում, երբ տեղացիների մի մասը այնքան է տարվել անտառագողությամբ ու մոլորվել այդ անտառներում, որ աշխարհից տեղյակ չի, չգիտի, որ իրենց փողոցում ասֆալտ անողները Վայոց ձորից կամ Շիրակից են: Իսկ գուցե լավ էլ գիտեն, բայց որոշ հանցավոր կլանների ճնշման տակ չե՞ն կարողանում ազատվել անտառային գերությունից ու դեռ մի բան էլ «ղաչաղություն» են անում, հոխորտում են, թե ընտանիք պահելու համար գողությո՛ւն էլ կանեն:

Տավուշի մարզը Ադրբեջանի հետ մոտ 300 կմ սահման ունի, չնչին աշխատավարձ ստացող ոստիկաններն այնտեղ դիրք ու սահման են պահում, որ տավուշցին այդ սահմանին հող մշակի, բարիք ստեղծի այն դեպքում, երբ տարածաշրջանի զորամասերում մի քանի հարյուր թափուր պայմանագրային աշխատատեղ կա: Տեղը կա, աշխատելու ցանկություն ունեցող չկա, որովհետև հայտարարված թափուր աշխատատեղերի համար վերջին երկու օրվա ընթացքում ընդամենը 27 քաղաքացի է դիմել՝ պահանջարկի 10 տոկոսը (ի դեպ, դիմողներից ոչ մեկը չի հայտարարել, որ ինքը ցուցարարներից է կամ նրանց ընտանիքի անդամ):

Բայց Տավուշում իրավիճակ է փոխվել՝ հայտնվել է մի մարդ, ով հայտարարում է, որ այլևս անտառից գողություն անելը չի հանդուրժի, հանցագործն ու թալանչին իր տեսակը չեն ու նրանց խաղի կանոններով չի պատրաստվում խաղալ: Հարգում եմ Տավուշի մարզպետի տեսակետն ու սկզբունքայնությունը. չարամիտ հանցագործների հետ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել, այսուհետ երկրում հարգանքը միայն ազնիվ աշատանքով ապրողինը պետք է լինի:

Աշխատատեղերը դեռ թափուր են:

foto
Author: Eduard Saribekyan