Foto

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները քննադատող համատեղ հայտարարությամբ։ Փաստաթուղթը չի ստորագրել միայն ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)։

Ըստ թուրքական կողմի՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ամփոփիչ հայտարարությունում թվարկված պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և անընդունելի են։ Նշենք, որ ԵՄ-ն օրեր առաջ հայտարարել էր, որ Միջերկրական ծովում՝ Կիպրոսի ափերին կատարվող չարտոնված հորատման ու բնական գազի որոնման աշխատանքների համար պատրաստվում է Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառել։

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը  հայտարարել են․ «Խստորեն դատապարտում ենք  Կիպրոսի թուրքերի և Թուրքիայի Հանրապետության իրավունքները և շահերը անտեսող և արհամարհող բոլոր նախաձեռնությունները։ Տեղեկացնում ենք, որ ցանկացած պայմաններում դեմ ենք նմանատիպ քաղաքականություն վարող շրջանակների քայլերին»։

Հայտարարությամբ կոչ է արվել Եվրամիությանը նշված խնդրի առումով որդեգրել միջազգային իրավունքի նորմերին չհակասող, արդար և անկողմնակալ դիրքորոշում։ Թուրքական կողմը պնդել է, որ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի կողմից բնական պաշարների որոնողական աշխատանքները տեղին են և իրավաչափ։

«Պետք է բոլորն իմանան, որ Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը չեն խոնարհվելու որևէ ճնշման առաջ և շարունակելու են օգտվել միջազգային իրավունքի շրջանակներում իրենց վերապահված օրինական իրավունքներից», -ասված է հայտարարությունում։