Foto

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է ՌՀՄ վարչության անդամների հետ

Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել կազմակերպության վարչության ընդլայնված նիստ՝ ՀՀ վարչապետի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ

Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնի շենքում մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության վարչության ընդլայնված նիստին:
Հունիսի 21-ին ՌՀՄ նախաձեռնությամբ անցկացված «Ռուսաստանի հայ համայնքը. ժամանակակից իրավիճակը և զարգացման հեռանկարները» գիտաժողովի ընթացքում կազմակերպված տեսակամրջի ժամանակ Զարեհ Սինանյանը հայտարարել էր, որ իր առաջին արտասահմանյան այցը լինելու է Ռուսաստանի Դաշնություն:
«Ինչպես տեսնում ենք, պարոն Սինանյանը կատարեց իր խոստումը»,- բացման խոսքում ասաց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, մաղթելով Սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատարին բեղմնավոր աշխատանք:
«Հատկանշական է, որ պարոն Սինանյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Ռուսաստան, որտեղ ապրում է ամենամեծ հայկական համայնքը, ընդգծելով մեր երկրների միջև առանձնակի հարաբերությունները: Ռուսաստանը հանդիսանում է հայաստանի պատմական բարեկամը և ռազմավարական դաշնակիցը, և պահպանում է իր կայուն աշխարհաքաղաքական շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Սփյուռքի վերաբերյալ քաղաքականությունը մշակելիս, մենք պարտավոր ենք հաշվի առնել Հայաստանի և արտաքին աշխարհի հարաբերությունների բոլոր գործոնները, այդ թվում պատմական, աշխարհաքաղաքական, ժողովրդագրական, տնտեսական, գիտակրթական և այլ: Մեր հանդիպումը ընթանում է պատասխանատու մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում տեղի են ունենում համազգային նշանակության քաղքական վերփոխումներ: Կարծում եմ, չափազանցություն չի լինի ասել, որ Հայկական գարունը հայ ժողովրդի կյանքում դրական փոփոխությունների հույս է ներշնչել ոչ միայն պատմական հայրենիքում, այլև սփյուռքում: Մինչ ժամանակակից մարտահրավերներին պատասխանելը, մենք պետք է մեր մեջ պարզենք՝ ինչ ենք մեզանից ներկայացնում, կոլեկտիվ գործունեության ինչպիսի մեխանիզմներ ենք առաջարկում և ինչերի կարող ենք հասնել համահայակական համագործակցության գործընթացում արմատական փոփոխությունների արդյունքում»,- ասել է Արա Աբրահամյանը:
(Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ)
Իր խոսքում Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության գործունեությունը՝ ընդգծելով նրա մաշտաբայնությունը և յուրօրինակությունը, Ռուսաստանի ողջ տարածքում իր տեղական և տարածաշրջանային բաժանմունքների աննախադեպ զարգացած ցանցի առկայությամբ: Նա կոչ արեց սփյուռքի հայերին պատմական հայրենիքի նկատմամբ ցուցաբերել ոչ միայն զգացականություն, այլ վերաբերվել նրան ինչպես տանտեր:
«Սփյուռքում ապրող հայը ոչ միայն պարտավորություններ, այլ նաև իրավունքներ ունի: Մեր աշխատանքը համառ և ժրաջան է լինելու, որպեսզի արդյունքները չհիասթափեցնեն: Ես չեմ պատկերացնում, որ առանց համատեղ ջանքերի ինչ-որ բանի կհասնենք»,- ասել է Զարեհ Սինանյանը: (Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ)
Օրախնդիր հարցերի շուրջ ավելի քան երեք ժամ տևած բաց և անկաշկանդ երկխոսության ընթացքում բարձրացվել են Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների, Հայ առաքելական եկեղեցու և այլ երկրների հայ համայնքների հետ համայնքային կազմակերպությունների համագործակցության հարցեր:
Նիստին մասնակցել են ՌՀՄ վարչության անդամներ, ՌՀՄ Ուդմուրտիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Բաշկիրիայի, Թաթարստանի հանրապետությունների, Կամչատկայի, Կրասնոդարի, Ստավրոպոլի, Անդրբայկալի երկրամասերի, Իվանովոյի, Կոստրոմայի, Սվերդլովսկի, Ռյազանի, Տվերի, Ռոստովի, Բրյանսկի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կալուգայի, Մուրմանսկի. Լիպեցկի, Իվանովոյի, Պենզայի մարզերի տարածաշրջանային բաժանմունքների, ավելի քան քսան, այդ թվում՝ Ռժև, Կոնակովո, Պոդոլսկ, Դմիտրով, Միտիշչի, Դոլգոպրուդնի, Օդինցովո, Խիմկի, Լոբնյա քաղաքների տեղական բաժանմունքների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էին նաև հայկական ազգային-մշակութային այլ հասարակական միավորումների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, մշակույթի և սպորտի բնագավառների գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
Հանդիպման ավարտին, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին, Արա Աբրահամյանը Զարեհ Սինանյանին ծանոթացրեց ՌՀՄ հրատարակչական լայնածավալ գործունեության հետ և նրան նվիրեց երկու գիրք: Դրանցից մեկը՝ «Հայաստանը սրտում, հավերժ Ռուսաստանի հետ», հրատարակվել է ՌՀՄ 15-ամյակի կապակցությամբ: Երկրորդը՝ «Ռուսաստանի և հարակից տարածքների հայերը», Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մարդաբանության և ազգագրության ինստիտուտի կողմից հրատարակվել է վերջերս և նվիրված է հայկական սփյուռքի ամենամեծ կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության 20-ամյակին: