Foto

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշմամբ՝ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի, Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը մերժվեց։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Սերգեյ Չիչոյանը։

Նա նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն  ինն ամիս առաջ էր ընտրվել ԲԴխ անդամ, բայց դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց։ Սակայն հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովում նա երդում էր տվել՝ այդպիսով դառնալով ԲԴԽ անդամ։  ԲԴԽ նիստը հրավիրել էին ԲԴԽ անդամներ  Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, որի  օրակարգում հենց Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցն էր։ Նրանք գտնում են, որ Ն. Տավարացյանը ԲԴԽ լիազորությունները ստանձնել է դեռ 2018 թ. նոյեմբերի 8-ին, սակայն մինչ օրս որևէ նիստի չի մասնակցել որպես ընտրված անդամ, չի ներկայացրել որևէ հարգալից պատճառ, իր մասնակցությունը բացառող որևէ հանգամանք, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։ «Օրենքի պահանջն է, քանի որ նման անդամը ԲԴԽ-ում չի կարող գործել, նման գործելաոճը խախտում է ԲԴԽ նիստերի կազմակերպման ու  անցկացման իրավական հիմքերը»,- նիստի ընթացքում ասել է Գրիգոր Բեքմեզյանը։ Մինչդեռ Ն. Տավարացյանը համոզմունք հայտնեց, որ ԲԴԽ անդամը ստանձնում է իր պարտականությունը երդում տալու պահից, կոնկրետ իր դեպքում՝ հուլիսի 11-ին։