Foto

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ Հատուկ քննչական ծառայությունն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը: «Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը ձեռնպահ մնաց պնդումներից, թե իր նկատմամբ հնարավոր է հետապնդում է իրականացվում՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով:
Հատուկ քննչական ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել է: ՀՔԾ-ից հաստատել են, որ խուզարկություն տեղի է ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում, թե ինչ գործի՝ չեն մանրամասնել:
Ի դեպ, քաղաքացիներից մեկը դեռևս մարտին հաղորդում է ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ՝ Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատեց Հայաստանի երկրորդ նախագահին, իսկ գործի վարույթն էլ կասեցրեց՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։