Foto

ԹիՋեյ Քոքս․ Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով հեղինակել էր անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում ընդունված Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության նախագիծը: Կոնգրեսականի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջև զարգացման նոր հեռանկարներ է բացել.
«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը»:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում Ֆրեզնո քաղաքը ներկայացնող ԹիՋեյ Քոքսը Հայաստանին վաղուց է ծանոթ՝ դեռ այն տարիներից, երբ աղետի գոտում նախաձեռնում էր 1988-ի երկրաշարժից տուժած մարդկանց համար տների կառուցումը: Այդ օրերին հայերից ստացած ջերմությունը, կոնգրեսականի խոսքով, իր սրտում է մնացել մինչև այսօր: Այսօրվա Հայաստանը սակայն բոլորովին այլ, շատ ավելի լայն հեռանկարներ ունեցող երկիր է.
«Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը անչափ տպավորիչ էր, դա ժողովրդի ձայնն էր, որը լսելի դարձավ և բերեց խաղաղ իշխանափոխության և այդ կառավարության հետ համագործակցությունը մենք այսօր պատիվ ենք համարում»:
Ժողովրդավարական ուղին ընդունած Հայաստանի հետ համագործակցության նոր հեռանկարներ է տեսնում նաև կոնգրեսական Ջուդի Չուն.
«Ես իրոք հպարտ եմ Հայաստանի համար, քանզի այս երկիրը կարողացավ՝ ժողովրդավար գործընթացի միջոցով, խաղաղ ճանապարհով, մեծ փոփոխության հասնել՝ ապացուցելով, որ ժողովրդավարությունը գործում է: Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը Հայաստանին»:

Կոնգրեսականի խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մեկ այլ խնդիր է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը: