Foto

Հրեաները ներողություն են խնդրել հայերից` Երուսաղեմում ծեծկռտուք սարքելու համար

Իսրայելի Քնեսեթի անդամները, հոգևոր առաջնորդներն ու իսրայելական ոստիկանության ներկայացուցիչները նախօրեին այցելել են Երուսաղեմի Հայոց պատրիարքություն:

«Այցի ժամանակ իսրայելական կողմի ներկայացուցիչները ներողություն են խնդրել հունիսի 8-ին ուլտրա-ուղղափառ հրեաների և հայկական հոգևոր սեմինարիայի սաների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

Նա նշել է, որ իսրայելական պատվիրակության կազմում ընդգրկվել են Քնեսեթի անդամ Իցխակ Փինդրուսը, ռաբբի Դավիթ Ռոզենը, Ոստիկանութեան սպաներ և Երուսաղեմում միջմշակութային կենտրոնի տնօրեն Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը:   

Հունիսյան միջադեպից հետո իսրայելական լրատվամիջոցներում ոչ հավաստի տեղեկություն էր տարածվել, որ սեմինարիայի 60 հայ սաներ հարձակվել են հրեաների վրա: Երուսաղեմի պատրիարքարանն, իր հերթին, հրապարակել էր կատարվածի շուրջ իր կարծիքը, որից հետո ոստիկանությունը հետաքննություն անցկացնելով խոստովանել էր, որ ծեծկռտուքի հրահրողները ոչ թե հայերն են եղել, այլ հրեաները: