Foto

Նոր զարգացումներ «նավթակիրների հակամարտության» շրջանակում

Ավելի քան 2 ամիս Պարսից և Օմանի ծոցերում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված մի քանի նավթակիր նավերի դեմ տեղ գտած առեղծվածային հարձակումների, հետապնդումների, ձերբակալությունների փաստերով, ձևավորել է այնպիսի տրամաբանություն, որ եթե նշված և հարակից ջրային տարածքներում որևէ ոչ իրանական ծագման նավթակրի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա մեղավորն Իրանն է:

Այսպես, հուլիսի 13-ին տարածված տեղեկատվության համաձայն՝ նույն օրը Հորմուզի նեղուցում «անհետացել էր» Պանամայի դրոշով ենթադրաբար ԱՄԷ-ին պատկանող Riah նավթակիր նավը. այն կորել էր ռադարների տեսադաշտից, կտրվել էր անձնակազմի հետ կապը:

Վերոնշյալ տրամաբանության համաձայն՝ ի սկզբանե նավը ձերբակալելու մեջ մեղադրվեց Իրանը՝ հանձին ԻՀՊԿ ծովային ստորաբաժանումների՝ հետագայում Ջիբրալթարում բրիտանացիների կողմից ձերբակալված սեփական նավթակրի հետ փոխանակելու նպատակով: Մինչդեռ ավելի ուշ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավիի հայտարարության արդյունքում պարզ է դարձել, որ նշված նավթակիրը տեխնիկական անսարքության պատճառով դադարեցրել էր ընթացքը, որից հետո իրանական նավերի կողմից բուքսիրով հասցվել Իրանի նավահանգիստներից մեկը: Այդուհանդերձ, փորձագիտական շրջանակներում դեռևս կասկածելի է մնում այն հարցը, թե ինչու է կտրվել անձնակազմի հետ կապը, որը տեխնիկական անսարքության հետ կապ ունենալ չէր կարող:

Հատկանշական է նաև, որ ցայժմ չի հայտնվել նավթակրի իրական սեփականատերը, իսկ ԱՄԷ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նավն իրեն չի պատկանում, իսկ նավաստիների մեջ էլ չկան Էմիրությունների քաղաքացիներ: