Foto

Խորհրդավոր պաուզայի գաղտնիքները

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության հրապարակումը խառնել է իշխանութունների խաղաքարտերը: Ո՝չ, ամենևեին էլ ոչ այն պատճառով, որ նրանում տեղ գտած գնահատականներն անակնկալ են եղել, այլ որ դրանք ուղղակի հրապարակվել են: Համենայն դեպս թե՛ արդարադատության նախարարության տարածած «ի պատասխան»-ում, թե՛ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի «անտիդյուրինգ»-ում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, թե ինչպե՞ս եղավ, որ արձանագրությունը հրապարակվեց:

Արդեն զավեշտական է դառնում Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների արձագանքների նմանությունը նայսպիսի «բացահայտումներին»: Բոլորն էլ տարբեր առիթներով ու տարբեր ժամանակներում փորձել են մախաթը դեզում պահել, մոռանալով «40 օրվա» անխախտ կանոնը: Բայց դե նախկիններին ասելու բան չկա, նրանք արդեն մերժվել են, բա նորերը՞:  Չէ՞ որ նոր Հայաստանում ամեն ինչ պարզ ու թափանցիկ պետք է լինի, ամե՛ն ինչ, նույնիսկ երկրի վարչապետի ու Ղարաբաղի հարցը պետք է հրապարակային ու համաժողովրդական… Թե՞ արդեն այդպես չէ, կամ գուցե վաղու՞ց արդեն այդպես չէ: Մի տարօրինակ զուգադիպությամբ վարչապետն արդեն «լայվեր» չի անում, առանց եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի ուղեկցության փողոց դուրս չի գալի: Իրավիճա՞կ է փոխվել, թե՞ իրավիճակն այդքա՜ն փոխվել է: Երեկվանից սպասում էի իշխանական արձագանքներին՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ Բուքիքիո… Բայց ոչ մի «դրամատիկա», միայն նեղացածություն:

Վենետիկի հանձնաժողովի դեպքում դեռ ոչինչ, ուշ թե շուտ դրա մասին իմացվելու էր ու մենք էլ հետևություններ անելու էինք, նույնիսկ արդեն արել ենք, որովհետև ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի «Թուղթն առ Եփեսացիս»-ը մնացել է անպատասխան: Սակայն ժողովրդի մի ստվար հատվածին չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ մի բան թաքցնողը երկրորդն էլ կարող է թաքցնել: Ըստ այդմ՝ Հայաստանի հպարտ քաղաքացին է՞լ ինչ չգիտի, նրանից է՞լ ինչ է թաքցվում: Գուցե գազի սակագի՞նը կամ Արցախի հարցով բանակցությունների ինչ-որ մի «նուրբ» դրվա՞գ, գուցե տնտեսական զարգացման մի շատ կարևոր ցուցանի՞շ, կամ էլ 2018-ի իշխանափոխության «որոշ հանգամանքնե՞ր»: Իշխանություններն առիթը բաց չեն թողնում վկայակոչելու իրենց նկատմամբ ժողովրդի վստահության անսահմանությունը, գուցե այդտե՞ղ էլ է մի բան թաքցվում, այլապես ինչո՞ւ մինչև ԱԺ ընտրությունները ո՛չ կուսակցությունների մասին օրենքն ընդունվեց, ո՛չ՝ ընտրական օրենսգիրքը: Սևանի մասին էլ են լռում, կարո՞ղ է կանաչել է՝ մենք չգիտենք:

foto
Author: Eduard Saribekyan