Foto

Փայլան. «Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը  Twitter միկրոբլոգում մի քանի  գրառում է արել Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին։

Փայլանը հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Ռուսաստանից գնում է 25մլրդ դոլար արժողությամբ զենք, այն դեպքում, երբ երկրում առկա են բազմաիթվ տնտեսական խնդիրներ։

Փայլանը նաև նկատել է տվել, որ վերջերս ռուս-թուրքական գործարքների պատճառով Թուրքիան կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից.

«Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, ինչպես նաև Ռուսաստանից Թուրքիայի կախվածությամբ, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը։ Կամ էլ թող նրանք ուշադրություն դարձնեն Ուկրաինային և Վրաստանին, որոնք փորձում են ազատվել ռուսական կախվածությունից։ Մենք, անշուշտ, պետք է ազատվենք ամերիկյան կախվածությունից, սակայն չպետք է նաև կարկուտի տակ ընկնենք»,-գրել է Փայլանը։

Հաջորդ գրառման մեջ, խոսելով S-400-ների բարձր գնի մասին, Փայլանը նշում է, որ բնական գազի հարցով Թուրքիան կախում ունի Ռուսաստանից:  Աքքույու ատոմակայանի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած  պայմանագիրը երկու անգամ թանկ է S-400-ներից և այն հասնում է 40մլրդ դոլարի։

«Այսուհետ Էրդողանը բանվորների, ծառայողների՝ թոշակ ստանալու պահանջներին ի պատասխան կասի. «Դուք գիտե՞ք, թե S-400-ների համար որքան ենք վճարել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը արդեն 9-րդ ինքնաթիռն է ուղարկել Թուրքիա, որոնցով մատակարարվել են S-400-ների մասերը։ Գործարքի դեմ հանդես է գալիս ԱՄՆ-ն՝ սպառնալով մի շարք պատժամիջոցներով։