Foto

Տաթևիկ Ռևազյան․ Առաջարկել ենք, որ «օդի փողը» հանեն

Շատ կարևոր է նոր ավիաընկերություններ Հայաստան բերելը. երբ ես աշխատանքի անցա, խոստացա, որ Հայաստանը կճանաչվի ամբողջ աշխարհում ավիացիայի ոլորտում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Ես շատ հպարտ եմ, որ չկա աշխարհում քաղավիացիայի պետ, որը չիմանա Հայաստանի մասին: Ես համարյա բոլորի հետ շփվել եմ ու դա կոնկրետ արդյունքների բերել է: Օրինակ, «Կապա» ընկերությունը, որ վերլուծություններով է զբաղվում ավիացիայի ոլորտում, ինքը հետազոտել է մեր շուկան, ապացուցել է, որ մենք շուկա ունենք, հնարավորություններ ունենք նոր ընկերություններ բերելու, և այդ վերլուծությունն ուղարկել է որոշում կայացնողներին»,-ասաց նա:
Տաթևիկ ռևազյանը կարևորեց փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այս տարի գրանցել են երկու փոքր օդանավ. «Նաև մտադիր ենք օրենքը փոխել, որովհետև այսօր գրեթե անհնար է գնացել գերթեթև օդանավերը Հայաստանում:
Շատ կարևոր է նոր ավիաուղիներ բերել, հատկապես լոուքոսթերներ: Մենք կոնկրետ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու օդի փողի հետ կապված: Ոլորտում խոչընդոտներից մեկն այն է, որ ծախսերը շատ բարձր են Հայաստանում: Եվ «Զվարթնոցի» սակագներն են բարձր, և օդի փողը (10 հազար դրամ) քիչ գումար չէ:
Մենք առաջարկում ենք օդի փողը հանել, նոր ուղղությունների համար, որովհետև երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, դա շատ ռիսկային է իր համար: Մեզ պարզ ասել են, որ եթե մենք այս օրենքն ընդունենք, միաժամանակ «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի իր սակագները իջեցնել, իրենք մուտք կգործեն շուկա 2020 թվականի ամռանը: