Foto

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին

Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Բարձր կատարողականության խաղաղապահ կարողությունների ձևավորում» թեմայով ՄԱԿ-ի խաղաղապահության գլխավոր շտաբերի պետերի համաժողովին:
Համաժողովի նպատակն է կենտրոնացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ուժեր տրամադրող երկրների ջանքերը` խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահության ԳՇ պետերի հանդիպումն անցկացվել է երրորդ անգամ և հանդիսանում է մարտ ամսին կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպման շարունակությունը:
Համաժողովի ընթացքում գեներալ-մայոր Ա.Մակարյանը հաստատել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին աջակցելու և գործուղվող ուժերը նոր ընդունված մոտեցումներին համապատասխան պատրաստելու Հայաստանի հանձնառությունը:
Գեներալ-մայոր Ա.Մակարյանը համաժողովի շրջանակում նաև երկկողմ աշխատանքային քննարկումներ է անցկացրել Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ: