Foto

Արայիկ Հարությունյան․ Կրթության ոլորտին պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 145 մլրդ 991 մլն դրամ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով հուլիսի 12-ին ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտների պատասխանատուներ:
Նախարարի տեղեկացմամբ՝ գալիք տարում կրթության ոլորտին պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 145 մլրդ 991 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 18.9 մլրդ դրամով: Ավելացված գումարի մի մասն ուղղվելու է ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացմանը:
Նախարարությունը շարունակելու է իրականացնել սկսված ծրագրերը: Մասնավորապես, շարունակվելու է դպրոցների շենքային պայմանների բարելավումը. բացի հիմնանորոգման աշխատանքներից, մարզերի 22 փոքրաթիվ համայնքներում կատարվելու են դպրոցների վերակառուցման աշխատանքներ, և մոտ երկու տարուց Հայաստանի դպրոցներն այլ՝ ավելի բարեկարգ տեսք ու հնարավորություններ են ունենալու, վստահեցրել է նախարարը:
Առաջիկա տարիներին հանրապետության տարբեր մարզերում ավելացվելու է նախակրթական հաստատությունների թիվը:
Գալիք տարում կհեշտանա նաև ուսուցիչների տեղաշարժը համայնքից համայնք, քանի որ մի քանի անգամ ավելացվելու է այդ նպատակի համար հատկացված գումարը:
Նախատեսվում է խորհրդարանի քննարկմանն առաջարկել նախադպրոցական և բարձրագույն բուհական կրթության վերաբերյալ օրենքների նախագծեր, որոնց բացակայությունը կամ թերի լինելը բացասաբար է ազդում այդ բնագավառների աշխատանքի վրա:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կրթության և գիտության ոլորտներում նախատեսված փոփոխություններին, միջին մասնագիտական և ավագ դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ու այն մրցունակ դարձնելու անհրաժեշտությանը, ներառական կրթությանը և այլն: Պատգամավորներից Էդգար Առաքելյանի հարցը վերաբերել է դասարանների բեռնաթափմանը և այդ առնչությամբ իրականացվող աշխատանքներին: Համամիտ լինելով խնդրի կարևորությանը, Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունն այսօր չունի այն հնարավորությունները, որպեսզի բեռնաթափվեն դասարանները: Դա պայմանավորված է թե բյուջետային միջոցների սակավությամբ, թե ուսումնական հաստաությունների ֆիզիկական հնարավորություններով: Թեև, ըստ նախարարի, կա խնդիր, որին պետք է լուծում տալ:
Արայիկ Հարությունյանը կարևորել է նման քննարկումները՝ հավելելով, որ պատգամավորների հարցերն ու առաջարկները նպաստում են գործադիր մարմնի աշխատանքին, և երբեմն անհրաժեշտ դարձնում բյուջետային ծրագրերի վերանայումը: