Foto

Լեհաստանում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման եւ ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցերը

Լեհ գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները։
Այս մասին հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ ամփոփելով Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ Վարշավայում տեղի ունեցած համատեղ աշխատանքի արդյունքները։
Նա նաեւ ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են վիզային ռեժիմի պարզեցման, փոխայցելությունների ակտիվացման հարցերը եւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը։ «Սա կարեւոր ձեւաչափ է Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների զարգացման համար՝ բարեկամական երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման տեսակետից»,- ընդգծել է Ավետիսյանը։
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ լեհական կողմը հետաքրքրվել է հանրապետությունում ընթացող իրադարձություններով եւ գործընթացներով։ «Նրանք հետաքրքրվել են իրական փոփոխություններով, որոնք տեղի են ունենում երկրում, այլ ոչ թե ձեւական իրադրությամբ։ Նրանք հետաքրքրվել են նաեւ մեր տարածաշրջանի իրավիճակով»,- տեղեկացրել է պատգամավորը՝ ավելացնելով, որ լեհական կողմը ներկայացրել է Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների զարգացման իր տեսլականը։