Foto

Մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան - Մեծարգո վարչապետ,
Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ այս թեմայից դուրս զեկուցել երեկվա էլեկտրաէներգիայի խնդիրների վերաբերյալ, որոնց շուրջ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել: Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները: Չնայած նախնական տվյալները կան, բայց, կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, թե՞ չի եղել, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ես գիտեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում ժամը 20:00-ի կողմերն արդեն ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ես ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս, երբ մենք մի ներդրումային ծրագիր էինք քննարկում աշխատանքային կարգով և քննարկում էինք այդ փոխարկիչի հետ կապված խնդիրը, հենց մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչն ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն: Ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները, երկու վարկած կա՝ արտաքին, կարծես թե ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ, թե ինչն է եղել պատճառը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան – Պարոն վարչապետ, ես աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում էի: Վերադառնալուն պես խորհրդակցություն եմ հրավիրել և կառավարության նիստից անմիջապես առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կգլխավորի փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ հասկանալու համար, թե իրական պատճառները որոնք են եղել: Մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի, ես Ձեզ մանրամասն կզեկուցեմ: