Foto

Վեթինգ շքերթ, ո՞ւմ է ձեռնատու

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարից հետո վարորդների «վեթինգի» մասին ակնարկները չեն իջնում լրատվականների առաջին էջերից: Ազգովի ընկել ենք մեղավորների փնտրտուքի մեջ ու կորել այդ «մութ անտառում»:  Մարդկանց, այդ թվում նաև պաշտոնյաների մի խումբ հայտարարում է, որ պետք է բոլոր վարորդները կրկին իրավունքի քննություն հանձնեն, ինչ-որ մեխանիզմներ են նշում, ինչ-որ հիմնավորումներ, որոնցում բառացիորեն ոտնահարում են մարդու, քաղաքացու՝ տվյալ դեպքում վարորդների իրավունքները և անմեղության կանխավարկածը:

Հարգելի՛ սիրելիներ, երբ հայտարարում եք, թե բոլոր վարորդները պետք է նորից հաստատեն իրենց վարորդական իրավունքը, հասկանո՞ւմ եք, որ զանգվածաբար մեղադրում եք այն մարդկանց, ովքեր ազնվաբար սովորել են վարորդական հմտություններ, հանձնել քննություններ և ստացել իրավունքի վկայականներ: Հարգելի՛ սիրելիներ, հասկանո՞ւմ եք, որ մարդիկ, ովքեր կաշառքով կամ այլ զարտուղի ճանապարհներով վարորդական իրավունք են ստացել, պատի ծակից չեն դա վերձրել, այլ՝ ճանապարհային ոստիկանությունից: Պատրա՞ստ եք պատասխանատվության կանչել այդ ներկա և նախկին պաշտոնյաներին, գիտե՞ք մոտավորապես, թե քանի հարյուր կամ հազար հոգու մասին է խոսքը: Իսկ եթե այդ նույն չինովնիկները պետք է իրականացնեն «վարորդական վեթինգը», ապա որտե՞ղ են երաշխիքները, որ նույն կոռուպցիոն սխեմաները չեն աշխատելու: Հիմա նրանցից շատերն արդեն հաճույքով ձեռքերն են շփում, երբ այս կամ այն պաշտոնյայից լսում են նոր քննություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Այնպիսի տպավորություն է, կարծես երկիրը մտել է մի փուլ, երբ յուրաքանչյուր կենցաղային հարց բարձրացվում է համազգային մասշտաբների (ինչպես բռնության մասին պատմությունների դեպքում), իսկ հիրավի մեծագույն խնդիրները փորձ է արվում կոծկել մոդայիկ դարձած «վեթինգային ծխածածկույթով»: Եթե երկրում լրջագույն արմատական բարեփոխումների կարիք կա, ապա դրա մասին օր ու ժամ առաջ պետք է խոսվի հանրության հետ, դպրոցական նստարանից է հարկավոր դաստիարակել քաղաքացի: Ընդ որում՝ դաստիարակել, այլ ոչ թե վարժեցնել, որովհետև «վարժեցվածը» առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս է գալու դրա սահմաններից: Օր ու ժամ առաջ հարկավոր է մտածել ու ձեռնամուխ լինել որոկյալ ճանապարհներ կառուցելուն, որակյալ գծանշումներ ու ճանապարհային նշաններ տեղադրելուն, խստացնել խախտումների համար նախատեսված պատիժները, վերարժևորել անհիմն համաներումները, հրապարակավ ներողություն խնդրել այդ անմիտ քայլի համար և ստանձնել դրա հետևանքների պատասխանատվությունը:

Ցավում եմ պատահարի զոհերի համար, բայց համոզված եմ, որ ոչ մի վերաքննություն էլ չի լինելու և այս ողբերգությունն էլ, որ շատ «բարեհաջող» վերածվեց պոպուլիստական արշավի, շուտով կմոռացվի: Ծխածածկույթն ապահովվեց, իսկ խնդիրը շարունակելու է մնալ, ճանապարհներին էլի ողբերգական պատահարներ են լինելու, որովհետև մոդայիկ տեղեկատվական կամպանիաներն ավելի էժան են նստում կառավարության վրա, քան իրական գործողությունները:

foto
Author: Eduard Saribekyan