Foto

Արման Կիրակոսյանը հայ լավագույն դիվանագետներից էր. Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի գրասենյակը:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան մասին:
Արման Կիրակոսյանը հայ լավագույն դիվանագետներից էր, մարդ, ով, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատում և դիվանագիտական առաքելություններում, իրեն դրսևորել է որպես փորձառու, բանիմաց, հմուտ մասնագետ, պարկեշտ և հայրենասեր անձնավորություն:
Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում:
Արման Կիրակոսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»։