Foto

Արջի յոթ երգն ու Սահմանադրության օրը

Այսօր տոն է՝ Սահմանադրության օրը: Չգիտեմ՝ ամերիկաներում ոնց, բայց Հայաստանում հազվադեպ են մարդիկ, ովքեր այս օրը շնորհավորում են միմյանց: Ուրախացողներ կան, նրանք հիմնականում քաղծառայողներն ու պետպաշտոնյաներն են, որովհետև այսօր ուղղակի գործի չեն գնացել: Մյուս՝ մեծամասնության համար Սահմանադրությունը ոչ թե գերագույն ու պարտադիր կանոն է, այլ մի գործիք, որով տասնամյակներ շարունակ վերարտադրվել  են իշխանությունները, որի փոփոխությունների հանրաքվեների ժամանակ փող են բաժանել կամ ստացել, որի նկատմամբ ոտնձգությունները և վերջերս արդեն սովորական դարձած կամայական մեկնաբանությունները հերթական սերիալը կամ շոուն են դառնում: Այսօր նաև այն օրն է, երբ գրեթե բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաներն իրենց պարտքն են համարել շնորհավորել ՀՀ քաղաքացիներին, այն մարդկանց, ում համար սահմանադրությունը վերածվել է սոսկ ընտրությունների քարոզարշավներին բաժանվող գրքույկի, որը գրապահարանում էլ չես դնի:

Բայց այս «պրոտոկոլային» շնորհավորանքներից ոչ մեկում չես հանդիպի տողերի, որտեղ քաղաքացին կտեսնի, կհավատա, որ սահմանադրությունը համակեցության այն կանոնների ամբողջությունն է, որի շրջանակներում ինքը պետք է արժանապատիվ ապրի, արարի, զգա աշխատանքի բերկրանքն ու ընտանիքի քաղցրությունը, իրեն մարդ զգա շուրջը տիրող «սևի ու սպիտակի» սահմանագծի մյուս՝ բարակ, անհետացող գույների մեջ: Ոչ մեկը չի խոսում այն մասին, որ Սահմանադրությունը ոչ միայն օրվա իշխանությունների, այլ այդ օրը մի կերպ «վաղվան գցող» հասարակ քաղաքացիների համար էլ է:

Փոխարենը վարչապետը նորից բոլորին հիշեցնում է, որ «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է», ՀՀ նախագահը՝ «Սահմանադրության ցանկացած վերափոխում, փոփոխություն, կատարելագործում կամ էվոլյուցիոն մեկնաբանություն պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա և բխի իրավունքի ընդհանուր սկզբունքներից», Սահմանադրական դատարանի նախագահն էլ, թե՝ «Ուժեղ, ժողովրդավար և զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների և Սահմանադրության գերակայության պայմաններում»:

Հասկանալի է, չէ՞, որ յուրաքանչյուրը գրում է ի՛ր խնդիրների մասին, նրա մասին, ինչն իրեն հանգիստ չի տալի գիշերները, թեև բոլորն էլ հիշեցնում են, որ իշխանությունն, այնուամենայնիվ, պատկանում է ժողովրդին: Նրանցից յուրաքանչյուրը Սահմանադրությունից անձնական սպասելիք, ոչ թե Սահմանադրությանը տալիք ունի:

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գոնե այսօր Սահմանադրությունը հանեցին գրապահարանից ու վրայի փոշին սրբեցին:

foto
Author: Eduard Saribekyan