Foto

Ոչ մի «իզմ», բացի ֆրակցիոնիզմից

«Իմ քայլը» խմբակցությունը երեկ հետաքրքիր «մանյովր» կատարեց. առաջադրեց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու և չընտրեց նրան: Սա քաղաքական պատմության մեջ թեև եզակի դեպք չէ, սակայն շատ հետաքրքիր ինդիկատոր է, որին ուշադրություն չդարձնել չի կարելի: Ըստ էության Աննա Մարգարյանը առաջադրվել է «ԻՔ» խմբակցության մեծամասնության կողմից, սական այդ մեծամասնությունը չի բավականացրել, որպեսզի ԲԴԽ անդամ ընտրվի, այն դեպքում, երբ միայն խորհրդարանական մեծամասնության ձայները հերիք էին, որ քվեարկությունը դրական ելք ունենար: Ամենայն հավանականությամբ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ են հասունանում: Սա խորհրդարանական մեծամասնության տարբեր թևերի մեջ քաղաքական առճակատմա՞ն, թե՞ անձնական շահերի բախում է, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանական մեծամասնության շարքերում ճեղքեր են երևում: Մեկ պատգամավորներից մեկը քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանին ու արժանանում գործընկերների մեղադրանքներին, մեկ խմբակցության նիստից տեղեկատվության արտահոսք է լինում: Վերջերս էլ «Իմ քայլի» համառ լոբինգի արդյունքում ընտրված ՍԴ դատավորը հենց առաջին ելույթում իրեն հռչակեց երկրի բարձրագույն դատարանի նախագահ, դրանով անհասկանալի վիճակում դնելով խմբակցության անդամներին, ովքեր չէին կարողանում քիչ թե շատ տրամաբանական բացատրություն տալ Վահե Գրիգորյանի «ինքնագործունեությանը»:  

Բավական հետաքրքրական է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին ղեկավար Սասուն Միքայելյանի հանգամանքը, ով կուսակցության նորընտիր վաչությունից դուրս մնալուց հետո դադարել էր Ազգային ժողով գալ: Վերլուծաբանները սա հիմնականում կապում են նրա և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անձնական առճակատումով, որի արդյունքում կուսակցությունը պարտվեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Ինքը Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել էր, որ  «Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»: Ավելին՝ ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների, Սասուն Միքայելյանը սպառնացել է իր պատգամավորական մանդատը «շպրտել դեմքներին»: Թեև նա մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել, սակայն մեկ այլ դեմարշ է կատարել, հայտարարելով, որ մանդատը վայր դնել չի պատրաստվում, իսկ կուսակցության վարչության անդամ չընտրվելն էլ «ներքին խմորումների» արդյունք է: Թեև կուսակցության և խմբակցության շարքերում պառակտումը վարպետորեն քողարկվում է, սակայն դա օրեցօր ավելի դժվար է դառնում: Այսպես՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան վերջին անդրադարձում մի նուրբ հանգամանք կա: Արձագանքելով Սասուն Միքայելյանի մեղադրանքներին՝ նա գրում է. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ՝ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին»: Ուշադրություն դարձրեք՝ «ընդհանուր» բառը վերցված է չակերտների մեջ, այսինքն գոնե Ռոմանոս Պետրոսյանի համար Սասուն Միքայելյանի հետ այլևս ընդհանուր գործ չկա:

Որքան էլ Նիկոլ փաշինյանը պնդի, թե իրենց թիմի համար «իզմեր» չկան, հեղափոխական թիմը ֆրակցիոնիզմից խուսափելու շանսեր չունի, և դա «թավշյա հեղափոխությունից» ընդամենը մեկ տարի անց:

 

 

foto
Author: Eduard Saribekyan