Foto

Տիպիկ քաղաքական գործիչ

Օրենքի գերակայությունն այն բաղձալի ուղենիշներից մեկն էր, որ անցյալ տարվա գարնանը հազարավոր մարդկանց հանեց փողոց ու իշխանության բերեց սակավաթիվ «քալողներին»: Բայց այն օրերին օրենքի գերակայությունից խոսող հռետորները ոչ մի խոսք չասացին այդ օրենքների մեկնաբանության մասին ու ստացվեց այնպես, որ հիմա ոչ ոք չի առարկում օրենքի գերակայության դեմ, բայց շատերը այն ազատորեն մեկնաբանում են յուրովի, հատկապես այն օրերի շատ հռետորներ և այդ օրերից հետո իշխանություն ստացածներ:

Վերջին օրինակը ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն էր, ով դեռ դատավորի երդումը չարտասանած, արդեն իրեն հռչակեց ՍԴ նախագահ, բնականաբար օրենքի յուրովի մեկնաբանության տրամաբանությամբ: Այսօր այդ շարքում տեղ գտավ ևս մի քաղաքական գործիչ (համենայն դեպս ինքն իրեն այդպես է կոչում մի քանի օր առաջ պետական բարձր պաշտոն ստացած արդարադատության նախարարը), ով պատասխանելով լրագրողների հարցերին, այդպես էլ չպատասխանեց՝ արդյո՞ք դատարանները շրջափակելու վարչապետի կոչը օրինակա՞ն էր, թե՞ ոչ։ Եվ եթե օրինական էր, ապա ի՞նչ հիմքով։

Խնդրում եմ նկատել, որ խոսքը ոչ թե մի ինչ-որ հասարակական կազմակերպության անդամի կամ քաղակտիվիստի մասին է, այլ արդարադատության նախարարի, ով ի պաշտոնե պարտավոր է պահել օրենքի տառը, ըստ դրա իրականացնել արդարադատություն: Դեռ վեթինգի և անցումային արդարադատության մասին չեմ ասում:

Եթե ազնիվ լինեմ, ապա պատրաստ էի լսել ցանկացած գնահատական՝ թե՛ ժխտողական, թե՛ հաստատական, բայց «ցրողական» …

Պարզվում է՝ տիպիկ քաղաքական գործիչ է մեր նախարարը:

foto
Author: Eduard Saribekyan