Foto

Ժամում 50 կմ-ի որոգայթը

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով Երևանում երթևեկության առավելագույն արագությունը պետք է 60-ից իջեցվի 50 կմ/ժ-ի:

Որ Երևանում երթևեկությունը ձգտում է քաոսայինի, դա անվիճելի է, անվիճելի է նաև այն, որ դրա հիմնական պատճառը ոչ թե արագությունն է, այլ վարորդների անկարգապահությունն ու անգրագիտությունը (երթևեկության կանոնների մասով), խոշոր հաշվով կարգազանց վարորդների անպատժելիությունը, որ գալիս է ՃՈ անբավարար աշխատանքից և «հեղափոխությամբ ռեաբիլիտացվածների» «դուխից»: Սակայն, որպես երթևեկության քիչ թե շատ ակտիվ մասնակից, չեմ կարող չնկատել, որ հատկապես տեսահսկվող խաչմերուկներում և արագաչափերի մոտ բոլոր վարորդներն էլ «օրինապաշտ» են դառնում, այսինքն տուգանվելու, պատժվելու վախը քաղաքացիների մեծամասնության մոտ դեռ զգոնությունը պահում է:

Հիմա արագությունների մասին: Երևանի գրեթե բոլոր փողոցները, հատկապես պիկ ժամերին թողունակության խնդիր ունեն: Խաչմերուկները չեն կառավարվում ըստ ուղղությունների ծանրաբեռնվածության, նույնիսկ ամենանեղ փողոցների խաչմերուկների մերձակայքում չեն արգելվում կայանումներն ու կանգառները, արգելքի դեպքում չեն պատժվում կարգազանց վարորդները, իսկ շատ դեպքերում խաչմերուկների անմիջական հարևանությամբ հասարակական տրանսպորտի կանգառներ են, որ լրացուցիչ խոչնդոտ են ստեղծում փողոցի բնականոն թողունակության համար: Սրանք բազմաթիվ պատճառներից մի քանիսն են, որ պետք է քննարկվեն, մինչև համապատասխան որոշում կայացնելը: Բայց ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի նուբ հանգամանքի վրա: Տարիներ շարունակ վարորդների մոտ երթևեկության արագության ներքին, ենթագիտակցական «արագաչափ» է գործում: Անձամբ ողջ Հայաստանի տարածքում ընդամենը մի քանի արագաչափի տեղ գիտեմ, որովհետև «ներքին արագաչափի» շնորհիվ երբեք չեմ գերազանցում սահմանված արագությունը և, բնականաբար, արագաչափերի տեղն էլ չգիտեմ, որ զգուշանամ: Հիմա բոլոր վարորդները, ովքեր մեքենան սովորության համաձայն վարում են «ներքին արագաչափով», ակամայից հայտնվելու են ռիսկի գոտում, որովհետև, եթե 60-ի դեպքում գտնվում էին առավելագույնը 70 կմ/ժ-ի տիրույթում, սկսելու են «նկարվել» 60-ից բարձր արագության համար, որը նրանց համար տարիների, իսկ ոմանց համար նույնիսկ տասնամյակների «ներգին թույլատրելին» է եղել:

Սա նախկինում «փող աշխատող» ճանապարհային նշանի պես մի բան է լինելու, որի որոգայթներում հայտնվելու են գրեթե բոլորը: Իսկ գուցե ուղղակի փո՞ղ, շա՞տ փող է պետք: Լավ չի, լավ չի…

 

 

foto
Author: Eduard Saribekyan