Foto

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Տևական դադարից հետո Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ: Որոշումն ընդունվեց 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ եվրոպական երկրների պատգամավորների, հետևաբար նաև այդ երկրների մեծամասնությունը աշխարհաքաղաքական վայրիվերումների այս փուլում կարևորում է Ռուսաստանի դերն ու ներկայությունը Եվրախորհրդարանում: Թվում էր, թե Ռուսաստանի ռազմավարական դաշնակից մեր երկիրը պետք է առաջիններից մեկը կողմ լիներ ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձին, մանավանդ որ մեր արտաքին, հատկապես տնտեսական քաղաքականության հիմնական վեկտորներից մեկը Եմ և ԵԱՏՄ միջև կամուրջ դառնալն է: Բայց արի ու տես, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են մի, բայց անում են մեկ այլ բան:

Այսպես՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության չորս անդամից երկուսը՝ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը կողմ են քվեարկել որոշմանը, իսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից մեկը՝ Հովհաննես Իգիթյանը (հին մարդ է) չի մասնակցել քվեարկությանը, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել: Նախ շատ վատ է, որ նման սկզբունքային (գոնե Եվրոպայի համար) հարցերում մեր պատվիրակությունը միասնական կարծիք չունի: Սակայն առավել վատ է, երբ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների թիվ մեկ պատասխանատուն փոքրամասնություն է դառնում իր պատվիրակությունում: Գուցե պարոն Ռուբինյանի քվեարկության վրա ազդել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի անձնական հանդիպումների գրաֆիկն ու սուբյեկտների ընտրությունը, որը, մեղմ ասած, չի տեղավորվում իշխող քաղաքական ուժի տրամադրությունների շրջանակներում, բայց երկրի արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուներից մեկի համար պետք է հայտնի լինի, որ միջազգային ներկայացուցչական մարմիններում քվեարկությունները հնգամյակը մեկ չեն լինում և մի օր էլ մեզ է պետք լինելու Ռուսաստանի պատգամավորների ձայնը:

Ընդհանրապես Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը զգալիորեն կորցրել է իր ճկունությունն ու հաշվենկատությունը: Օրեր առաջ էլ մեր խորհրդարանական պատվիրակությունը «առյուծի ցատկով» իրեն դուրս գցեց «եղբայրական և դաշնակից ժողովուրդների» վեճի դահլիճից, կարծես չէին հասցնի հատել հայ-վրացական սահմանը: Հիմա նոր տարբեր փորձագիտական մակարդակներում ակնարկվում է ռուս-վրացական միջադեպում Հայաստանի հնարավոր միջնորդության մասին, երբ տեղում կարելի էր դրա համար որոշակի նախադրյալներ ստեղծել, համարձակություն ցուցաբերել և փորձել կանխել հետագա տհաճ զարգացումները: Այս խճճված իրավիճակում, երբ կասկածի տակ է բերքի սեզոնին ռուս – վրացական սահմանի հարցը, երբ ամեն կողմից տարածաշրջանի երկնքում ամպեր են կուտակվում, մեր իշխանական պատգամավորը «բնավորություն է ցուցաբերում», թե. տեսեք մեր «պատասխանը Չեմբեռլենին», քանի որ Պուտինը Նուր Սուլթանում, բոլորի հետ առանձին  հանդիպեց, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ:

Բնական  է, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկության համար դժվար թե մեր դեսպանին կանչեն ՌԴ ԱԳՆ, բայց ռուս- վրացական սահմանին մեր ուղևորա և բեռնափոխադրողներին դրա մասին հավանավբար շուտով կհիշեցնեն:

foto
Author: Eduard Saribekyan