Foto

Հուլիսի 6-ին Մոսկվայում տեղի կունենա «Ծիրան 2019» փառատոնը

Հուլիսի 6-ին Մոսկվայի Եկատերինյան զբոսայգում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Ծիրան 2019» ամենամյա բազմազգ տոնը, որն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ և Մոսկվայի կառավարության աջակցությամբ: Այդ փառատոնը դարձել է մոսկովյան ամռան ամենասպասված միջոցառումներից մեկը:

Այն անցկացվում է ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի և Ազգությունների գործերով դաշնային գործակալության աջակցությամբ:

Հուլիսի 6-ին առավոտյան ժամը 10-ից մինչև երեկո զբոսայգու երկու բեմերում երաժշտական կոլեկտիվները, ավելի քան 500 արտիստ Մոսկվայից և ՌԴ մյուս տարածաշրջաններից կպատմեն իրենց ժողովուրդների մշակույթի, ավանդույթների և ժամանակակից կյանքի մասին:

Երկրորդ տարին անընդմեջ զբոսայգու էստրադայում ժամը 12.00-20.00 կանցկացվի «Ծիրանի ջեմ» ջազային փառատոնը:

Արդեն ավանդական դարձած նարդու և շախմատի մրցաշարերին այս տարի կավելանա նաև մինի ֆուտբոլը, որին կմասնակցեն ՌԴ ազգային միավորումների թիմերը:

Փառատոնի այցելուներին սպասում են «Արևելյան շուկա» ցուցահանդես վաճառքը, անիմատորներ, իլյուզիոնիստներ, ինտերակտիվ խաղեր, սպորտային մենամարտեր և իհարկե, հատուկ այդ տոնի համար Հայաստանից բերված ծիրանի հյուրասիրություն:

Հատուկ ամենափոքրիկ այցելուների համար նախատեսվում են հետաքրքիր միջոցառումներ, այդ թվում Մոսկվայի հայկական թատրոնի կողմից բեմադրված տիկնիկային ներկայացումներ:

Փառատոնի բացման պաշտոնական արարողության ներկա կլինեն Մոսկվայի կառավարության, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Ազգությունների գործերով դաշնային գործակալության, ՌԴ դաշնային ժողովի, ՌԴ հանրային պալատի, օտարերկրյա դեսպանությունների, ազգային-մշակութային ինքնավարությունների և Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժանմունքների ներկայացուցիչները: