Foto

Վահագն Հարությունյանի պաշտպանի բողոքի քննությունն ընդմիջվեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընդմիջվեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքի քննությունը:

Պողոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 11-ի որոշումը, որով իրավաչափ էր ճանաչվել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։

2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարին սկզբում մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1»-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Իսկ արդեն 2018-ի դեկտեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը նաև մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։